Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ Որոտնավանքի հնագույն՝ Ս.Գրիգոր միանավ եկեղեցին (ավերվել է սելջուկների հարձակումներից ու երկրաշարժերից) հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, վերակառուցել՝ հայր Ստեփանոս ճգնավորը։ Եկեղեցին միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի։
Ս. Գրիգոր եկեղեցու մոտ՝ նրա հյուսիսարևելյան կողմում, 1000 թվականին կառուցվել է թաղածածկ, հյուսիսային պատին կից երկու ավանդատնով, հարավից սյունասրահով Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, նրա գավիթը, տնտեսական շինությունները, հիմնվել է մեծաթիվ միաբանությամբ վանք։ Շահանդուխտի կրտսեր որդի, Սյունյաց Վասակ թագավորի եղբայր իշխան Սևադան Որոտնավանքի արևելյան կողմում 1006 թվականին կառուցել է Ս. Կարապետ եկեղեցին և նրան կից /արևմուտքից/ կամարակապ գավիթ-սրահը։