Տաթևի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։
Ըստ Ստեփանոս Օրբելյանի, ով հեղինակել է «Սիսական նահանգի պատմություն» աշխատությունը, Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունեցել անշուք տեսք, սակավաթիվ ճգնավոր միաբաններ։ 8-րդ դարի վերջին եղել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Այստեղ են բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթե հսկա (մարդաչափ) «Բաբկենյան խաչը» (պատրաստել էր Բաբիկ իշխանի որդի Վասակը), Բյուզանդիայից՝ «Աստվածամուխ սուրբ Նշանը», սուրբ Հովհաննեսի, սուրբ Ստեփանոս Նախավկայի, տասնմեկ առաքյալների, սուրբ Գրիգոր Ա Լուսավորչի, սուրբ Հռիփսիմեի մասունքները, Աստվածածնի մազերը։
Կալվածքներ գնելու և նվիրատվությունների շնորհիվ վանքը դարձել է խոշոր ավատատեր։ 848 թվականին իշխան Փիլիպե Սյունին կառուցել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Սյունյաց գահերեց իշխան Աշոտ Սյունու պատվերով Հովհաննես եպիսկոպոսը ձեռնարկել է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկի՝ սուրբ Պողոս-Պետրոս տաճարի կառուցումը, ինչին օժանդակել է Շուշանիկ տիկինը։ Տաճարի հիմքը դրվել է 895 թվականին, շինարարությունն ավարտվել 906 թվականին։ Օծմանը ներկա են եղել Սմբատ Ա թագավորը, Վասպուրականի Գագիկ Արծրունի իշխանը, կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցին, Աղվանից Սիմոն Բ կաթողիկոսը, հոգևոր ու ազնվական դասի ներկայացուցիչներ։ Բացվում է Տաթևի մատենադարանը։