Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

«Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրեր»

Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։

Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։

1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սևան (48.3 կմ, 1963–81 թվականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական)։

Հայրավանքի

Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։

1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։

Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։

Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s