Առյուծն ու նապաստակը
Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ, որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:
Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և դատարկ հույսի ետևից ընկա»:
Առաջադրանքներ
ա) Ընտրեք այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):
• Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:
• Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:
• Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:
բ) Ինչո՞ւ այդ միտքը ընտրեցիք:
Կարդացե՛ք առակը և լրացրե՛ք միտքը:
Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՛ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.
— Ես քեզ հենց իրեն` սև առյուծին ցույց կտամ:
Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.
— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:
Առաջադրանք
- Առակը այն մարդկանց մասին է, որոնք պետք է չլինեն ագահը
- Վերնագրիր ստացված առակը: Ընտրածդ վերնագիրը պատճառաբանիր: