Երկուշաբթի
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…
***
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
***
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …
***
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
***
Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արեւի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
ունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արեւի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արեւանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արեւ չկար …
« ՀԱ3ՐԵՆԻՔՈւՄ»
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՛ն, անհու՛ն:
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն,
Խառնելով հոգիս աստղային մութին…