Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում։ Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում, սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում։ Բանաստեղծի մանկությունն անցել է նրա ծննդավայրում։ Թումանյանների ընտանիքը եղել է բազմամարդ։ 1887 թվականի սեպտեմբերին Թումանյանը սիրահարվում է Թիֆլիսի Քամոյան եկեղեցու քահանա և կոնսիստորիայի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանի որդեգրուհի Մարիամ (Օլգա) Մաճկալյանին։ 1888 թվականին Թումանյանն ամուսնացել է Օլգա Մաճկալյանի հետ։ Նրանք ունեցել են 10 երեխա։ 20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ։ 1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։