Ակսել Բակունց «Սպիտակ ձին»
Ցոլակը կուշտ խմելուց հետո փորձեց գլուխը վեր հանել, բայց չկարողացավ։ Եվ մռութը հնազանդ ու մունջ նորից կախեց գետի կապույտ ջրերի վրա։
Սիմոնն անսովոր արագությամբ ձիու համետը հանեց։ ․․․․․Արևի տակ փայլփլեց ձիու ողորկ և գեր մեջքը։ Ապա նույն արագությամբ կռացավ և գետնից վերցրեց մի չեչաքար։ Երբ առաջին անգամ նա չեչաքարը Ցոլակի մեջքին քսեց, ձին հովություն զգաց, խաղացին նյարդերը և հաճելի գրգռից մեջքի մաշկը դողդողաց։ Ապա հանկարծ ձին մեջքին զգաց ծակծկոց։ Ձին փորձեց հեռանալ, բայց չկարողացավ, որովհետև ոտքերն իրար պինդ կապված էին։ Նորից փորձեց գլուխը վեր հանել, դարձյալ չկարողացավ։ Իսկ ցավը հետզհետե սաստկանում էր, որովհետև Սիմոնը հուսահատ կատաղությամբ չեչաքարը քսում էր նրա մեջքին։ ․․․․ Սիմոնն ամբողջ ծանրությամբ ընկել էր ձիու մեքքի վրա և քարը հա՛ քսում էր։ Արդեն նոր բացված վերքից արյան կաթիլները դուրս էին ցայտում և գլորվում հևացող կողերի վրայով։ Իսկ Սիմոնն ավելի արագ էր քերում, կարծես չեչաքարն ուզում էր թաղել Ցոլակի այնքան գեր ու ողորկ մեջքի մեջ։․․․․․Ցոլակի աչքերի առաջ մթնել էր։ ․․․․Նրա մեջքի աջ կողմը ափսեի չափ վերք էր բացվել և երևում էր կարմիր, տեղ-տեղ փոս ընկած, ճաքճքած միսը։ ․․․․Սիմոնը հանցագործի հապճեպությամբ արյան հետքերը լվաց ձիու կողերից, իր ձեռքերից, տիղմի բարակ շերտով ծածկեց վերքը, ապա շտապ համետեց ձին և դուրս եկավ ճանապարհը։
Ձին հազիվ էր քայլերը փոխում։ Սիմոնն ինչքան էլ կանչում էր, ոտքով փորին խփում, փաղաքշական խոսքեր ասում, ձին չէր արագացնում քայլերը։ Եվ Սիմոնն ու Ցոլակը նույն փողոցներով գնացին դեպի հրապարակը։ Երկուսն էլ գլխիկոր էին։ Մարդն իր դաժան խոհի հետ էր՝ կտանե՞ն այժմ, թե ոչ, ձին հազիվ տնքում էր՝ պղտոր աչքերի առաջ գլխիվայր կախված մի չնաշխարհիկ արոտ…
ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Հայերի մասնակցությունն Առաջին աշխարհամարտին։ Կովկասյան ճակատը և կամավորական շարժումը։ Հայկական ջոկատների կազմավորումը և գործունեությունը:
Առաջին համաշխարհային պատերազմի առաջին իսկ օրերից սկիզբ առավ կամավորական շարժումը։ Ռուսական կայսրությունում բնակվող շուրջ 2 միլիոն 54 հազար հայերից ռուսական բանակ են զորակոչվում մոտ 200 հազար հոգի։ Իսկ Անտանտի երկրների բանակներում ծառայող հայերի թիվը շուրջ 50 հազարի է հասնում։ Միաժամանակ հայ հասարակական-քաղաքական շրջանները ձեռնամուխ են լինում կամավորական ջոկատների ստեղծմանը։ Կամավորական ջոկատների կազմակերպումը նպատակ ուներ նպաստել ոչ թե ցարիզմի նվաճողական քաղաքականությանը, այլ օգտագործել նրա ռազմական ուժերը Արևմտյան Հայաստանն ազատագրելու համար։ Ռուսաստանի շահերը Մերձավոր Արևելքում և մասնավորապես Արևմտյան Հայաստանում համընկնում էին հայ ժողովրդի ազատագրական ձգտումներին։ Բացի հայերից՝ կամավորական ջոկատներ են կազմվում ասորիներից, հույներից, վրացիներից և կովկասյան այլ ժողովուրդներից։
Կամավորական ջոկատների կազմակերպման աշխատանքներն իր վրա է վերցնում Թիֆլիսում գործող Հայկական ազգային բյուրոն։ Նրա ճնշող մեծամասնությունը Դաշնակցություն կուսակցության անդամներն էին։ Հայ քաղաքական հիմնական ուժերը կամավորական շարժման գլխավոր նպատակ հռչակեցին հայկական ինքնավարության ստեղծումը՝ Ռուսաստանի հովանու ներքո։ Այդ նպատակի իրագործման համար որոշվեց ձևավորել հայկական զորաջոկատներ և ռուսական բանակի կողքին կռվել թուրքերի դեմ։ Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու կոչը լայն արձագանք գտավ ոչ միայն կայսրության հայաբնակ շրջաններում, այլև արտասահմանում։ Կամավորներ ժամանեցին շատ երկրներից, նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Միաժամանակ հայությունը բավականին դրամ հանգանակեց ջոկատների հանդերձավորման համար։ Սկզբնապես 1914 թ. աշնանը կազմակերպվում են կամավորական չորս ջոկատներ։ Հետագայում դրանց թիվն աճեց։ Առաջինի հրամանատարն էր Անդրանիկը, երկրորդինը՝ Դրոն, երրորդինը՝ Համազասպը, չորրորդինը՝ Քեռին։ Հինգերորդ ջոկատի հրամանատարն էր Վարդանը (Սարգիս Մեհրաբյան)։ Ավելի ուշ կազմակերպվում են ևս երեք ջոկատներ։ Վեցերորդ ջոկատի հրամանատարն էր Արշակ Ջանփոլադյանը, ապա՝ Գրիգոր Ավշարյանը, վերջինիս զոհվելուց հետո՝ Հայկ Բժշկյանը (հետագայում՝ խորհրդային ականավոր զորահրամանատար Գայ)։ Ընդհանուր առմամբ՝ կամավորական ջոկատներում ընդգրկված էին շուրջ 10 հազար հոգի: