Երկու արվեստագետ
Միևնույն քաղաքում ապրում էին երկու քանդակագործ։ Նրանցից ամեն մեկի հոգում, ինչպես արևը երկնքի խորքում, բոցավառվում էր գեղեցիկի կատարելատիպը։ Եվ նրանցից ամեն մեկը ճգնում էր իր հոգու այդ անձև, անմարմին գեղեցկությունը դրսևորել, հանել հոգու անհունից, ձև ու մարմին տալ նրան, դարձնել ըմբռնելի, շոշափելի։
Եվ ուժգնապես տենչում էին նրանք իրենց ներաշխարհի կատարելատիպ գեղեցիկը իրացնել-առարկայացնել, անմահացնել հավերժորեն։
Եվ նրանցից ամեն մեկը վեր առավ մարմարիոնի զանգվածը և աշխատեց նրա վրա. մեկն աշխատում էր գիշեր և ցերեկ, ցերեկ և գիշեր, ճգնելով և տառապելով, լուռ և մտախոհ, իսկ մյուսն՝ ուրախ և զվարթ երգը շուրթերին, մանկան պես խաղալով մարմարիոնի հետ։
Մեծ ամբոխը, որ խռնվում է շուկաներում և հրապարակներում, որ հացից հետո գեղեցկություն է որոնում հրճվելու համար, լռիկ ու հետաքրքիր դեգերում էր անխոնջ մեծ արվեստագետների տան շուրջը՝ գոնե մի անգամ տեսնելու այն վսեմական գեղեցկության մի ճաճանչը, որ բխում է նրանց ստեղծագործ հոգու անհունից, ինչպես արևը տիեզերական մռայլների անդունդներից։
Եվ հասավ օրը, երբ առաջին արվեստագետը ավարտեց իր երկը, և շղարշների ներքո պարուրված նրա քանդակածոն հրապարակ տարվեց։
Ամբոխը ծով էր կապել հրապարակում և ալիք-ալիք կանգնել. բացին շղարշները, և արևի ոսկեհուռ սլաքների տակ շողաց շուշանափայլ — մի չքնաղագեղ կույսի անդրի։
Եվ ամբոխը հոգեզմայլ և հափշտակված՝ ծունր իջավ գեղեցկի առջև, երկրպագեց նրա կատարելատիպին, ներբողներ երգեց արվեստագետին։
Իսկ ինքը, ձուլված ամբոխի մեջ, նրա շարքերում, նրա հետ ծնրադիր երկրպագում էր իր ստեղծագործությունը, գոհունակ և հիացած իր անրջական գեղեցկի մարմնացումով։
Եվ խոսում էր ինքն իր սրտի հետ. -«Իմ հոգում կատարյալ գեղեցիկն էր բոցավառվում. և ես կարողացա արտահայտել բոլորը, ամբողջը, իմ սրբության սրբությունը, որին ես պաշտում եմ»։
Հասավ այն օրը, երբ մյուս արվեստագետը, որ ստեղծագործում էր երգով ու խաղով, ավարտեց իր երկը. և շղարշների ներքո պարուրված նրա քանդակածոն հրապարակ տարվեց։ Բացին շղարշները, և արևի ոսկեհատ սլաքների տակ շողշողաց շուշանափայլ մարմարիոնը — մի հիացական, գեղահրաշ կույսի անդրի։
Ամբոխը, որ անշշուկ՝ ծով էր կապել հրապարակում և ալիք-ալիք կանգնել, երբ տեսավ անդրին, մի մարդու պես գետին խոնարհվեց, երկրպագեց և ծովի նման շառաչեց.
-Ահա՛ իսկական գեղեցիկը, միակ կատարյալը՝ անմահ և հավերժական. փա՜ռք և սքանչացում մեծ արվեստագետին. նա տվեց մեզ մեծ գեղեցկությունը։
Այդ միջոցին մեծ արվեստագետը, որ կանգնել էր անդրիի մոտ՝ մռայլ աչքերով և մթին կնճիռներով, խորհում էր իր հոգու օվկիանում. «Իմ մեջ տիեզերական գեղեցիկն է ապրում, և իմ հոգում գեղեցկության արևներ են բոցավառվում, որոնցից ես մի նսեմ շողք միայն կարողացա խլել արտահայտելու, մարմնացնելու համար, բայց տիեզերքը մնաց իմ մեջ նորից անձեռնմխելի, իմ մեջ մեծ լռությունն է ծավալվում, ես մի նսեմ հնչյուն միայն կարողացա պոկել այդ մեծ լռությունից, բայց նա՝ բոլոր-բովանդակ մնաց համր ու անխոս իմ մեջ. արդյոք կարո՞ղ եմ հոգուս բոլոր արևները արտաշխարհ հանել, մեծ լռությանը լեզու տալ, և արդյոք ամբոխը պիտի հասկանա՞…»։
Եվ նա մռայլը աչքերին՝ վեր առավ մուրճը անդրին փշրելու համար, սակայն շրջապատ-մարդիկ բռնեցին նրա բազուկը, և ամբոխն աղաղակեց.
-Մեծ արվեստագե՛տ, նվիրիր այն մեզ, խնայիր մեզ, նա մեր գեղեցկի աստվածն է այսուհետ. մենք պաշտում ենք նրան…
Եվ արվեստագետը նորից խորհեց իր հոգու օվկիանում. «Ա՛յն, ինչ որ տվի աղքատ ամբոխին- դա փշրանքն էր հոգուս հարստության. և ա՛յն, ինչ որ թափվեց իմ գեղեցկության տիեզերական բաժակից, նա ընկավ ամբոխի վրա և ամբոխացավ. ուրեմն այդ թո՛ղ նրան լինի, ինձ նա պետք չէ, ես բարձր եմ նրանից. նա կատարյալը չէ. նա ես չեմ…»։
Ապա հեռացավ հպարտ ու մենակ, մեկուսացավ և զվարթագին սուզվեց իր հոգու անհունի մեջ՝ ստեղծագործելու բուռն տենչով, որ մեծ լռությանը լեզու տա և գեղեցկի կատարելությանը մարմին զգեցնե՝ իրականացնելու իր հոգին բոլոր հավիտյանների համար։
Պատրանք
Երանի՜ նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին:
Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:
Եվ, վերջապես երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազն է, որ սփռում է իր ծաղկաբույր պարտեները՝ օձուտ ու տատասկոտ անապատների վրա:
Մի գուսան է եղել՝ անտուն ու թափառական: Գյուղից գյուղ շրջում էր նա պատմելու համար հինավուրց զրույցները բարի և ազնիվ գործերի մասին. Հյուսում էր խոնարհ խրճիթների մեջ իր տեսիլները մի արդար ապագայի մասին, և վառում էր պատանիների սրտերը ճշմարտի սիրով, ու քարացածների քնած խիղճը վրդովում մի պահ:
Եվ այսպես վաստակում էր այն պատառ հացը, որ ստիպված է մարդ ունենալ ամեն օր:
Աշնան մի օր, երբ մի գյուղից մյուս գյուղն էր գնում նա, մշուշը ծածկեց նեղ արահետը. մոլորվեց գուսանը մացառների մեջ, գիշերվա մութը վրա հասավ, և զայրագին փչեց հյուսիսի հողմը, որ անպարտելի ցրտով այրում էր անպատըսպար գուսանի մարմինը:
Դեգերում էր նա մի խորշ, մի խոռոչ գտնելու համար՝ պաշտպանվելու կատաղի հողմից. և հանկարծ հանդիպեց մի լքված հյուղակի, որի բաց դռնից տեսավ բուխարիկի մեջ երկու մեծ, բոցավառ կայծեր՝ երկու մեծ, բոցավառ ածուխի նման. շտապ ներս մտավ գուսանը, նստեց բուխարիկի մոտ և սառած ձեռները տարածեց ածուխի վրա. ջերմությունը ձեռքերից տարածվեց ողջ մարմնի մեջ. տաքացավ գուսանը, և ձեռքերը անընդհատ բռնած մշտավառ ածուխի վրա՝ գլուխը հենեց պատին և ննջեց երջանիկ մանուկների պես:
Երբ հողմը դադար առավ, պարզվեց երկինքը և նշույլող լույսը շողաց լքված խրճիթում, գուսանը զարթնեց և տեսավ, որ բուխարիկի մեջ կրակի փոխարեն մի կատու է ծվարել՝ ոսկեղեն աչքերը երկու ածուխի պես բոցավառ, որ, սակայն, դաժան գիշերին փրկեցին նրա կյանքը:
Երանի՜ նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին:
Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:
Եվ, վերջապես երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազն է, որ սփռում է իր ծաղկաբույր պարտեները՝ օձուտ ու տատասկոտ անապատների վրա։
Առաջադրանքներ
1․Կարդա՛ պատմվածքները, համեմատիր։
2․ Գրի՛ր պատմվածքների վերլուծությունը՝ շեշտը դնելով քո սեփական դատողությունների, մտքերի վրա։
3․ Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերն ու արտահայտությունները, բառարանով բացատրիր իմաստները, գրիր հոմանիշները։
4․Ո՞վ է «Պատրանք» պատմվածքի գլխավոր հերոսը և ինչպիսի՞ ներքին պայքար է ապրում։
5․Ինչպե՞ս է պատկերված հերոսի երազանքը․ ի՞նչ է նա ցանկանում և ինչու։
6․Ինչպե՞ս է պատմվածքում արտացոլվում պատրանքի և իրականության հակադրությունը։
7․Ի՞նչ դեր ունի բնության նկարագրությունը պատմվածքում։
8․Ինչպե՞ս է ցույց տրվում մարդկային մենությունը և հիասթափությունը։
9․Ո՞րն է հեղինակի հիմնական գաղափարը։
10․Ինչպե՞ս կբացատրես վերնագիրը՝ «Պատրանք»։
11․Ո՞րն է քո կարծիքով հերոսի ողբերգությունը։Ինչպիսի՞ լեզվամիջոցներ է օգտագործում Իսահակյանը պատմվածքում։