Երկուշաբթի
Կարդում ենք ՝ Համո Սահյան ( « Սահյանական օրեր » )
***
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
Առաջադրանքներ
1․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
2․ Դո՛ւրս գրիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված։
3․ Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված)։
4․ Տրված փոխաբերությունը բացատրի՛ր․
Ժայռից մասուր է կաթում․․․
5․ Փոխաբերական իմաստով գործածված արտահայտություն գտի՛ր։
6․ Նկարի՛ր կամ պատկերացրո՛ւ մի նկար՝ բանասեղծությունը ձևավորելու համար։ Պատմի՛ր այդ նկարը։
7․ Անգի՛ր սովորել «Ժայռից մասուր է կաթում» բանաստեղծությունը և ևս մեկ բանաստեղծություն՝ ձեր ընտրությամբ։
Տեսաֆիլմեր
8. ՍԽԱԼ ԿԱՄ ՈՉ ՏԵՂԻՆ ԳՈՐԾԱԾՎԱԾ ԲԱՌԵՐԸ ԳՏԻՐ և ՓՈԽԱՐԻՆԻՐ ՀԱՐՄԱՐ ՀՈՄԱՆԻՇՆԵՐՈՎ։
Նրան աշխատանքից փրկեցին , որովհետև անպատասխանատու էր ու ցրված։
Մատիտներիդ մեջ կապույտի բորոր գույները կա՞ն։
Ծանոթիս այդպես էլ չգտա թանձր բազմության մեջ։
Ընկերները երկու օր առաջ էին մաքառել ու հաշտվելու փորձեր էին անում։
Բերրի խոստումներ տվեց ու գնաց։
9. Ավելորդ բառերը գտի՛ ր և նախադասություններից հանի՛ ր։
Էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում։
Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի։
Դու արդեն հե՞տ ես վերադարձել։
Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք։
Կրկին անգամ ասում եմ քեզ։
Նախ առաջին հերթին այս գործը պիտի լինի։
Քեզ մի հատ մարդ էր հարցնում։
Կարելի՞ է մի հատ զանգել։
Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային։