Posted in Մայրենի 6․4

Մայրենի Չորեքշաբթի- հինգշաբթի ( 24.05-25.05)

Չորեքշաբթի- հինգշաբթի ( 24.05-25.05)

« Գեղեցկությունը կփրկի աշխարհը»

Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկի

«Գեղեցկությունը կփրկի աշխարհը» արտահայտությունը բոլորն են լսել, սակայն քչերը գիտեն, թե ով է այդ խոսքերի հեղինակը, և արդյո՞ք այն տեղին է օգտագործվում: Արտահայտության հեղինակը ռուս մեծ գրող և փիլիսոփա Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին է (1821-1881թթ.): Տալով տարբեր ձևակերպումներ իր օրագրերում, Դոստոևսկու այս հայտնի արտահայտությունը հանրությանը հայտնի է դարձել նրա հանրահայտ «Ապուշը» վեպի միջոցով : Վեպի 3-րդ մասի V գլխում այս խոսքերն արտասանում է 18-ամյա Իպպոլիտը։

Ահա՝ հատվածը.

«Ճի՞շտ է, իշխան, որ դուք մի անգամ ասել եք, թե աշխարհը կփրկի «գեղեցկությունը»: Պարոնա´յք, — բարձր գոչելով դիմեց նա բոլորին, — իշխանը պնդում է, որ գեղեցիկը կփրկի աշխարհը: Իսկ ես պնդում եմ, որ նա այդպիսի չարաճճի մտքեր է արտահայտում, որովհետև սիրահարված է:

Պարոնա´յք, իշխանը սիրահարված է. հենց որ նա մտավ, ես դրանում համոզվեցի: Մի ամաչեք, իշխա´ն, ես կսկսեմ Ձեզ խղճալ: Ո՞ր գեղեցկությունը կփրկի աշխարհը: Ինձ այդ մասին Կոլյան է պատմել: Դուք մոլի քրիստոնյա ե՞ք: Կոլյան ասում է, որ դուք ինքներդ Ձեզ քրիստոնյա եք համարում: Իշխանը նրան ուշադիր տնտղեց և ոչինչ չպատասխանեց»:

Իրականում հեղինակը փորձել է ընթերցողի մտածողությունն ուղղել այլ հունով, քան արտահայտության բառացի այն նշանակությունը, որը, ցավոք, վերջին ժամանակներս է ձեռք բերել և ստացել լայն տարածում: Դոստոևսկին հեռու էր իրերի գեղագիտական գնահատումից և արժևորումից, նա խոսում էր հոգու գեղեցկության մասին, և դա համապատասխանում է վեպի հիմնական գաղափարախոսությանը և նպատակին՝ ստեղծել «դրական հիասքանչ կերպար»: Այդ պատճառով էլ հեղինակը իր սևագրերում իշխան Միշկինին կոչում էր «իշխան Քրիստոս»՝ այդպիսով իրեն հիշեցնելով, որ իշխան Միշկինի կերպարը պետք է առավելագույնս նման լինի Քրիստոսին՝ բարիությամբ, մարդասիրությամբ, հեզությամբ, էգոիզմի բացարձակ բացակայությամբ, կարեկցությամբ՝ դեպի մարդկային անհաջողություններն ու դժբախտությունները:

Ուստի «գեղեցկությունը», որի մասին Դոստոևսկին խոսում է, «դրական հիասքանչ մարդու» բոլոր բարոյական հատկանիշների միասնությունն է: Սա է համապատասխանում Դոստոևսկու հիմնական գաղափարներին: Նա գտնում էր, որ մարդիկ կարող են «հիասքանչ և երջանիկ լինել» ոչ միայն անդրշիրիմյան կյանքում, այլ նրանք կարող են այդպիսին լինել նաև «առանց կորցնելու երկրի վրա ապրելու իրենց հնարավորությունը»: Դրա համար նրանք պետք է հասկանան, որ «Չարը չի կարող լինել մարդկանց բնական վիճակը», և որ յուրաքանչյուրը կարող է ազատվել դրանից:

Եվ միայն այն ժամանակ, երբ մարդիկ կսկսեն առաջնորդվել այն ամեն լավով, որ «կա իրենց հոգում, հիշողության մեջ և ձգտումներում» (Բարի-ով), նրանք «իրականում կլինեն գեղեցիկ» և հիասքանչ, և աշխարհը կփրկվի «գեղեցկությամբ», այսինքն՝ այն ամեն բարով, որ կա մարդկանց մեջ: Բնական է, որ դա միանգամից չի լինի… «անհրաժեշտ է հոգևոր աշխատանք, փորձություններ և անգամ տանջանքներ», որոնցից հետո մարդը կհեռանա «Չարուց», և կդիմի «Բարուն», կգնահատի այն:

Այս մասին խոսվում է վեպի տարբեր հատվածներում: Ահա ևս մեկ հատված 1-ին մասի VII գլխից. «Գեներալի կինը մի պահ լուռ և քամահրանքի որոշակի արտահայտությամբ նայում էր Նաստասյա Ֆիլիպպովնայի դիմանկարին, որը նա պահում էր իր՝ առաջ մեկնած ձեռքում` խիստ արտահայտիչ կերպով այն հեռացնելով իր աչքերից: — Այո, գեղեցիկ է, — խոսեց նա վերջապես, նույնիսկ առավել քան: Ես միայն երկու անգամ եմ նրան տեսել, և միայն հեռվից: Այսպես ուրեմն, դուք այսպիսի գեղեցկությունը գնահատու՞մ եք, — հանկարծ նա դիմեց իշխանին: — Այո´… Այդպիսին… — պատասխանեց իշխանը որոշակի ճիգով: — Այսինքն հենց այսպիսի՞: — Հենց այդպիսի: — Ինչու՞: — Այս դեմքի վրա տանջանքն է շատ – խոսեց իշխանը ակամա, կարծես ինքն իր հետ էր խոսում և ոչ թե հարցին էր պատասխանում: — Դուք գուցե հիմարություն ասացիք,- ինքն իրեն որոշեց գեներալի կինը և գոռոզ շարժումով նկարը նետեց իրենից հեռու` սեղանի վրա:

Դոստոևսկու գաղափարները բարու և «բարոյական օրենքի» մասին համընկնում են գերմանացի փիլիսոփա Էմանուել Կանտի գաղափարախոսության հետ. «Երկու բան հոգիս լցնում են ամեն անգամ մի նոր ու ավելի ուժեղ պատկառանքով, երբ ես մտածում եմ դրանց մասին… աստղազարդ երկինքը ինձ վրա և բարոյական օրենքն իմ մեջ»…։

«Աշխարհը կփրկի գեղեցիկը, միայն թե այն բարի լինի»: . Կարևորն այն է, որ Դոստոևսկու այս հանրահայտ արտահայտությունն էլ յուրօրինակ մարգարեություն է յուրաքանչյուրիս համար…

Փրկենք մեր աշխարհը մեր գեղեցկությամբ…

Հարցեր և առաջադրանքեր։

1.«Փրկենք մեր աշխարհը մեր գեղեցկությամբ» վերնագրով գրիր քո պատմությունը։

2.Գրիր տասը հոմանիշ զույգ գեղեցիկն ու բարին բնորոշող։

3. Ովքե՞ր են ամենաբարի գրողները քո պատկերացմամբ։Հիմնավորի՜ր։

Posted in Մայրենի 6․4

Մայրենի Երեքշաբթի

Երեքշաբթի

Հրանտ Մաթևոսյան

« Հացը»

Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնամ էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։
Օրը կիրակի էր։ Դպրոցում հայերենից ես պայծառ «գերազանց»-ներ էի ստանում, ռուսերենից, մաթեմատիկայից, աշխարհագրությունից, բոլոր առարկաներից ես ստանում էի պայծառ «գերազանց»-ներ։ Քաջագործությունների մասին գիրքը լավ գիրք էր։ Իմ հայրիկը լավ հայրիկ էր։ Իմ մայրիկը ինձ շատ էր սիրում։ Իմ հորեղբայրը գեղեցիկ և ուժեղ տղամարդ էր։ Մեր տան քիվի ծիծեռնակները երկնքի կռունկների հետ չվել գնացել էին։ Այգու և անտառի վրա խշշալով աշուն էր իջնում։ Եթե մեր խոզերը կորած չլինեին, այդ պահին աշխարհում ամեն ինչ անչափ գեղեցիկ կլիներ։ Կացինը թևին, գոգնոցը կապած, եղանն ուսին՝ աշխատանքի գնալուց աոաջ նրանք նայում էին ինձ և թաքուն հրճվում, որ իրենց որդին մեծանում է, այտն ահա ձեռքին է դրել և գիրք է կարդում։ Գոգնոցը կապած, իմ մայրիկը մտածեց՝ ասե՞լ թե չասել, և որոշեց չասել, որդուն չխանգարել, որդին թող կարդա ու դառնա գիտնական։ Կացինը թևին, իմ հայրիկը մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել։ Դարձյալ մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել, և որոշեց չխնդրել. որդին թող կարդա, հաց ուտելով թող կարդա։ Ես կարդում էի և զգում, որ նրանք ուզում են խոզերի մասին ինձ բան ասել, բայց ես ցույց էի տալիս, թե ոչինչ չեմ զգում, այլ միայն կարդում եմ քաջագործությունների մասին գիրքը, քանի որ լավ է, շատ լավ է, երբ  գրքերի մեջ ուրիշները գնում են, թրջվում են, մրսում են, կովում են, պարտվում են, հաղթում են, և վատ է, անչափ վատ է, երբ ես ինքս եմ գնալու, հոգնելու, գտնելու կամ չգտնելու մեը խոզերը։
Գոմը պետք է անպայման սարքվեր, ձյուներից աոաջ կարտոֆիլը պետք է անպայման հավաքվեր, խոտը պետք է անպայման դիզվեր, ուրեմն հայրիկը, մայրիկը, հորեղբայրը չէին կարող չգնալ ձմեռվանից առաջ գոմը սարքելու, կարտոֆիլը հավաքելու, խոտը դիզելու։ Եվ իմ հայրիկը ինձ ասաց.
— Եթե քեզ մի բան խնդրե՞մ։
Ես գիտեի, թե ինչ է խնդրելու հայրիկը, բայց հարցրի.
— Ի՞նչ խնդրես։
Եվ շատ մեծ ամոթ էր, որ գիտեր, սակայն չիմանալու էի տալիս նրա խնդրանքը։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել,— ասաց իմ հայրիկը։
— Ո՞վ է տեսել,— հարցրի ես։
— Անտառապահը։
— Ե՞րբ է տեսել,— հարցրի ես։
— Երեկ իրիկուն։
Ես կարողացա չհարցնել՝ «ինչո՞ւ է տեսել»։ Ես հարցրի.
— Պարզ բացատը որտե՞ղ է։
— Դու կարծեմ լավ գիտես, թե որն է Պարզ բացատը։
— էն հեռո՞ւն։
Նա չպատասխանեց, և ես հասկացա, որ նա ինձանից մի քիչ նեղանում է։ Ես հարցրի.
— Ուզում ես գնամ գտնեմ բերե՞մ մեր խոզերը։
— Ես ոչինչ էլ չեմ ուզում,— ասաց նա։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել, հետո՞,— ասացի ես։
Աոանց աատասխանի նա շուռ եկավ գնալու։
— Լավ,— ասացի ես,— կգնամ։ Բայց եթե էնտեղ չլինեն՝ ի՞նչ անեմ։
— Չգիտեմ։
Նա իրոք նեղանում էր, որովհետե ինքը չէր կարող փնտրելու գնալ, իսկ ես տալիս էի ալարկոտ անբանի հարցեր։
— Ներողություն,— ասաց նա,— գիրքդ կարդա, ներողություն։
— Լավ,— ասացի ես,— հետքերը կգտնեմ, հետքով էլ իրենց կգտնեմ։
Աշնան արևը մեղմորեն ջերմ էր։ Աշնան մեղմ արևի մեջ գեղեցիկ էին ծիծեռնակների լուռ բները, այգու խնձորենիները, որոնք ղեռ ունեին մի երկու խնձոր, իմ մայրիկի մեղմ ժպիտը, շիկավուն շանը, որ պառկել էր իմ ոտքերի մոտ ու ննջում էր, և աքաղաղի կարմիր կատա՛րը, և կեռասի ծառը, որ հանկարծ սկսեց ծվծվալ։ Ես նայեցի այգուն, տեսա կեռասի ծառը և դեղնափորիկ թռչունին, որ այդքան ուշ աշունով ծառին կեռաս էր գտել և զարմանքից ծվծվում էր։ Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է և միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։
Ես, ուրեմն, ասացի.
— Գիրքը խոզերի մոտ կկարդամ։
— Շնորհակալ կլինեմ,— ասաց իմ հայրիկը։— Ուզում ես՝ շունը թող մնա հավերին պահակ, ուզում ես՝ հետդ տար։ Շնորհակալություն,— կրկին ասաց նա, և ես մի քիչ ամաչեցի։
— Լավ,— ասացի ես,— շունը հետս կտանեմ։
Նրանք ինձ հագցրին բրդե տաք ու փափուկ սվիտեր, որ մայրիկն էր երեկոները գործել ինձ համար, հագցնել տվին ռետինե սոսկերով թեթև կոշիկներ, որպեսզի կաշվե կոշիկներով խոտերի վրա հանկարծ չսայթաքեմ, և ինձ նայեցին գուրգուրանքով, քանի որ սվիտերն ինձ շատ էր սազում, և ես իրենց որդին էի։
— Հիմա՞ գնամ,— ասացի ես։
— Քո և հորեղբոր ճանապարհը մինչև Կույր աղբյուր նույնն է, հորեղբոր հետ մինչև Կույր աղբյուր գնա, էնտեղից կթեքվես Թփուտ կածանով դեպի Պարզ բացատ։
Շունը չէր ուզում գալ։ Ես  նորից կանչեցի,  նա դանդաղ ելավ ու ծուլորեն հետևեց մեզ։ Նա ճանաչում էր Դիմաց անտառի գող ուրուրին, Դիմաց անտառի գող ուրուրը ճանաչում էո նրան։ Նրանք վաղուցվա ծանոթներ էին։ Դիմաց անտառի գող ուրուրը չէր ճախրում բազեի պես բաց ու բարձր, նա մեր հավերին մոտենում էր թփից թուփ և ծառից ծառ անցնելով, գրեթե սողալով։ Շունը ղարձյալ կանգ առավ։ Ես տեսա գորշ ուրուրի գողունի թռիչքը թփուտից թփուտ, բայց մտածեցի, որ շանը տանում եմ նույնքան կարևոր գործի, ինչքան կարևոր է հավերի հսկողությունը, և սուլոցով կանչեցի շանը։ Նա մեր ետևից գալիս էր ակամա, ապա, երբ գյուղից դուրս էինք եկել, և մոռացել էր ուրուրի մասին, ուրախ վնգստոցով առաջ սլացավ ու գնաց։ Նա կարոտել էր անտառին, խոզերին, վազքին, հոգնածությանը։
Տանը իմ գրասեղանն էր, լուսամփոփի ջերմ ու շոյող լույ-սը, իմ փոքրիկ գրադարանը, ռադիոյի մեղմ երգը և, իմ թախտին, ուղտի բրդից գործած հաստ շալը՝ ցերեկային նիրհի համար։ Անտառում արջերն էին, փղերը, վագրերը, հովազները, սատանաները, դևերը և հրեշները, մեր խոզերից և իմ ազնվությունից բացի, բոլորն էլ անտառում էին, և ես գնում էի դանդաղ, իմ հորեղբորից ետ մնալով։ Ես բացել էի գիրքը և գնում էի գրքին նայելով, իբր թե չեմ կարողանում կտրվել գրքից և ետ եմ մնում կարդալու պատճառով։
Կույր աղբյուրի մոտ, որտեղ ճամփաբաժանն էր, շունը կանգնել էր և սպասում էր մեզ։ Աղբյուրը Կույր էր կոչվում, որովհետև իր խորքերից նա մանրահատիկ ավազ էր հանում, ավազը փակում էր նրա ակը։ Աղբյուրը դարձյալ լցվել էր մանրահատիկ ավազով ու տիղմով, փակ ակունքի ետևում, գետնի տակ աղբյուրը գուցե խեղդվում էր։
Իմ հորեղբայրը նայում էր արդեն ճահիճ դարձող աղբյուրին։ Հանդի իր պայուսակից նա հանեց հանդի իր ուտելիքը, խաշած հավը կիսեց, փաթաթեց լավաշ հացի մեջ, այդ փա¬թեթը փաթաթեց թերթով և դրեց իմ թևի տակ։ Եվ գլխով ցույց տվեց Պարզ բացատի կածանը։
—  Ուզում եմ ջուր խմեմ,— ասացի ես։
— Պարզ բացատի աղբյուրից կխմես,— ասաց նա,— մեծ կաղնու տակ է, գնացեք։
Ուրախ կլանչոցով շունը նետվեց դեպի կածան։ Մի պահ ես էլ ուրախացա ու վազեցի։ Խաշամը խշխշում էր խլացնելու չափ ուժգին ու չոր։ Այդ խշխշոցն էր, երբ վազում էի՝ իմ ականջներում միայն այդ խշխշոցն էր։ Խաշամը հասնում էր ծնկներիս։ Երբ կանգ էի աոնում՝ լուո լռություն էր, այդ լռության ու լույսի մեջ հազիվ լսելի սվսվալով օրորվում էին թափվող տերևները։ Սև մոշահավը կչկչոցով թոավ իմ ոտքերի տակից, և դարձյալ խոր լռություն էր։ Ինձ թվում էր, թե ես լսում եմ անտառի խաղաղ շնչառությունը։
Ես ետ նայեցի։ Իմ հորեղբայրը ծնկել էր աղբյուրի մոտ և ինչ-որ բան էր անում։ Մի քիչ էլ խորանալով անտառի մեջ՝ ես դարձյալ ետ նայեցի։ Ինձ թվաց, թե հորեղբայրն արդեն գնացել է, բայց չէր գնացել, դեռ կռացած էր աղբյուրի վրա և դժվար էր նկատվում, քանի որ հողագույն էին և՛ ճանապարհը, և՛ նրա հագուստը։ Ես նստեցի ծառի ետևը և, որպեսզի ինքս ինձ խաբեմ, թե որևէ բան եմ անում, բացեցի սխրագործությունների մասին գիըքը։ Գիրքը, սակայն, ես չէի կարդում, գրքի վրա կռացած՝ ես սպասում էի, թե իմ հորեղբայրը երբ է հեռանալու վերադարձի ճանապարհից։ Նա հիմա նստել էր աղբյուրի մոտ, ծխում էր և, ինչպես ինձ էր թվում, նայում էր անտառի մեջ ինձ։ «Օրինակ՝ ինչո՞ւ ես էդպես պարապ  նստել,— մտածեցի ես,— խոզ գտնելը ձեր գործն է, գիրք կարդալը՝ իմ. ես ահա կարդում եմ իմ գիրքր, իսկ դուք պարապ նստել եք»։ Եվ որպեսզի ինքս ինձ ավելի խաբեմ, ես ականջներս փակեցի մատներով ու նայեցի միայն գրքին։ Իբր թե կարդում եմ, իբր թե միայն կարդում եմ։
Հեոավոր թույլ խշխշոց էր լսվում։ Ես հայացքս գրքից բարձրացրի և ականջներս բացեցի, խշխշոցը շատ ուժեղ էր և շատ մոտիկ։ Բայց ես չհասցրի վախենալ, որովհետև նույն պահին էլ տեսա մեր շանը։ Նա թափով կպավ ինձ, ցատկեց, նորից ցատկեց, վնգստաց ու կանչեց դեպի Պարզ բացատ։ Որպեսզի նա նորից չկլանչի ու խշխշացնի, ես իմ հացի կեսը տվեցի նրան, և նա ծաոի ետևը ինձ մոտ նստեց ու սպասեց, թե էլ ինչ եմ տալու։
Հավի սպիտակ թել-թել մսերը ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Վզի կաշին ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Մի քիչ դժվար էր ուտվում, որովհետև ես չէի գնացել խոզերը փնտրելու, բայց ես ուտում էի։ Հավի չտեսնված համով ոտը ես կերա, ոսկորը տվեցի շանը։— էս էլ քեզ,— ասացի։
Աղբյուրի մոտ հիմա մարդ չկար։ Ես կածանով իջա դետի ճանապարհ։ — Գնացինք,— ասացի ես շանը։ Նա նայում էր ինձ և տեղից չէր ելնում, նա չէր հավատում, որ արդեն ետ ենք դաոնում։
— Քո գործն է,— ասացի ես,— եթե ուզում ես մնալ՝ մնա։
Ես իջա ճանապարհ՝ աղբյուրի մոտ։ Աղբյուրի ավազանում հիմա ցեխ ու տիղմ չկար, նրա ակը հիմա կույր չէր։ Աղբյուրը հիմա բխում էր աոատ ու ազատ, վարարությունից ուղղակի պարում էր։ Նրա քարե կապույտ ավազանը լիքն ու պարզ էր։ Նրա մաքուր հայելու մեջ ես տեսա իմ կուշտ ու հիմար դեմքը, ես ինձնից մի քիչ ամաչեցի, բայց շատ էի ծարավ, կռացա ջուր խմելու։ Ես չհասցրի հասկանալ, որ այդ աղբյուրին ես արժանի չեմ՝ երբ արդեն ջուր էի խմում… Որ այդ աղբյուրը, որ հավի այդ միսը, որ այդ շունը, որ անտառի այդ խշշոցը, որ այդ հայրիկը, որ այդ մայրիկը, որ այդ բոլորը շատ լավն են, իսկ ես շատ վատը՝ դրա մասին ես չէի մտածում, ես կում աո կում խմում էի այդ ջինջ ջուրը։ Ես ամենևին չէի մտածում, որ այդ աղբյուրը իմը չէ, ինձ չի պատկանում։ Ես մի կուշտ խմեցի և գոհ էի։
Անտառից ես խոտոց լսեցի, դա կարծես թե խոզի ձայն էր, ես մի քիչ դարձյալ ամաչեցի, բայց շարունակեցի գնալ դետի տուն՝ դեպի իմ թախտը, իմ գրասեղանը, իմ տաքուկ անկյունը։
Երբ գյուղին բավական մոտեցել էի, տեսա, որ շունը դան-դաղ գալիս է իմ ետևից։
—  Չէիր ուզում՝ չգայիր,— ասացի ես շանը,— քեզ ո՞վ ստիպեց, քեզ ոչ ոք էլ չստիպեց։
Ուրուրը հավ գողացել էր թե չէր գողացել՝ ես չիմացա։ «Հավերի հարցը մայրիկին է վերաբերում, թող մայրիկն էլ ստուգի՝ ուրուրը հավ թռցրել է թե չի թոցրել,— մտածեցի ես։— Աշխարհագրության իմ դասը գիտեմ, պատմության իմ դասը գիտեմ, մաթեմատիկայի իմ խնդիրը…»:
Հայրիկը նստել էր թախտի եզրին և ժպտում ու տնքում էր։ Նրա մեջքն, ուրեմն, նորից ցավում էր։ Բայց թե ինչու էր ժպտում՝ ես չէի կարողանում հասկանալ։
— էդ ռադիոն էդ ի՞նչ է երգում,-  հարցրեց նա։
— Կոմիտաս։
— Ինքը գրե՞լ է, թե ինքը երգում է։
— Ինքը գրել է, ինքը կոմպոզիտոր է։
Նա ժպտում էր, ապա ասաց.
— Ապրես, որ պատմությունն էդքան լավ ես սովորում։
— Ո՞վ ասաց։
— Ուսուցիչները եկել, ինձ օգնում էին։ Վաղվա դասերդ գիտե՞ս։
— Գիտեմ։
— Շնորհակալություն,— ասաց նա։— էդ ոչինչ, որ խոզերը չես գտել, ես հիմա կգնամ կբերեմ։
— Հիմա մութ է,— ասացի ես։
— Գելը երեկ գիշեր Մուշեղի խոզերն անտառում ջարդել է, վախենում եմ մերոնց էլ վնասի։
Նա ամեն վայրկյան ուզում էր թախտից ելնել և չէր ելնում։ Նա չէր ուզում թիկնել, բայց, ի վերջո թիկնեց։
—  Որ պառկում եմ՝ չի  ցավում,— ասաց  նա։— Միայն Պա՞րզ բացատը նայեցիր, թե ուրիշ տեղեր էլ փնտրեցիր։
— Պարզ բացատը նայել եմ,— ասացի ես։
— Ուրեմն, էլ Պարզ բացատ չեմ գնա,— ասաց նա,— ափսոս, ես հույս ունեի, թե էնտեղ կլինեն։
— Չգիտեմ,— ասացի ես,— կածանը խաշամով ծածկված էր, իմ նայածը չգիտեմ Պա՞րզ բացատն էր, թե մի ուրիշ բացատ:
—  Բացատի եզրին մի մեծ կաղնի՞ կար։
— Մի մեծ կաղնի կար, կաղնու տակ մի աղբյուր կար,— ասացի ես։
Ցավից ծամածռվելով նա ելավ միանգամից և փնտրեց գլխարկը։ Նա այնքան էր հոգնած, որ չէր հասկանում, որ գլխարկը ձեռքին է։
— Ափսոս, որ Պարզ բացատում չեն եղել,— ասաց նա,— ուրեմն հեռացել, հասել են խոր բացատ։
— Քո մեջքը ցավում է,- ասացի ես։
Նա ծաղրեց իր ցավը.
— Որ մթան մեջ աչքդ լարում ես՝ ցավը մոռացվում է։
— Ես քեզ հետ գալիս եմ,— ասացի ես։
Նա ինձ շոյեց.
— Դու էսօր շատ ես ման եկել, հաց կեր, մի քիչ հանգստացիր ու քնիր։
Երբ նա թաղվում էր մթան մեջ, ես բարձր ասացի.
— Ես էլ եմ գալիս։
— Ո՛չ,— կտրուկ ասաց նա,— դու գիրքդ կարդա։
Մթան մեջ՝ հաչոցով ու փափուկ թափով մի բան անցավ. շունն էր, գնում էր իմ հայրիկի հետ փնտրելու, հեռու անհայտություններում գտնելու, բերելու մեր խոզերը, որոնց միսը ամբողջ ձմեռ ես պետք է ուտեի, որոնց գնով ես պետք է հագնեի տաք վերարկու, ունենայի դահուկներ, դահուկային կոշիկներ, փափուկ վզնոց, ականջակալ գլխարկ…
Մայրիկը ընթրիքի սեղան էր փռում։ Ռադիոն կամացուկ երգում էր։ Գրասեղանին շոյիչ կաթնալույս էր մաղում լուսամփոփը։ Սպիտակ սփռոցին մարմրում էր լավ թխած սպիտակ հացը։ Հացի կողքին՝ կարմիր տապակած կարտոֆիլը։ Կարճ բոցերով վառվում էր օջախի փայտը։ Թեյամանը մեղմ չխկչխկում էր։ Եվ թեյի արծաթե գդա՛լն էր շատ գեղեցիկ, և ընկույզի դարչնագույն մուրաբա՛ն, որ փայլփլում էր կաթնալույսի մեջ, և գիշե՛րն էր թավ ու տաք, և տխո՛ւր էր միայնակ ծղրիդի ընդհատ երգը, որ լսվում էր երբեմն սեղանի մոտից, երբեմն՝ օջախի, երբեմն՝ իմ թախտի։ Այդ բոլորը տխուր ու գեղեցիկ էին և ստեղծված էին ինձ համար, բայց ես արժանի չէի դրանք ուտելու, դրանք զգալու, դրանց նայելու, դրանք լսելու։
— Ես հաց չեմ ուտում,— ասացի ես, մտա անկողին և շուռ եկա դեպի պատը։ Եվ բրդի ու փետուրի փափկությո՛ւնն էր ափսոս, և անկողնի ճերմակ մաքրությո՛ւնը։ Մայրս մոտենում էր, ես աչքերս փակեցի։ Նա ծածկեց իմ մեջքը և մրմնջաց.
— Երեխաս էսօր շատ է չարչարվել։

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
    2. Քննարկիր հոր և որդու առաջին երկխոսությունը:
    3 .Ընդգծիր այն հատվածները, որոնցում տղան գիտակցում է իր արարքի տգեղությունը:
    4 . Տղային արդարացրու, մեղադրիր, բնութագրիր:
    5 . Ինչու՞ է պատմվածքը վերնագրված «Հացը»:
    6 . Ո՞րն է պատմվածքի ասելիքը
Posted in Մայրենի 6․4

Երկուշաբթի

Երկուշաբթի ( 22.05.2023թ)

Շառլ Ազնավուր (իրական անունը՝ Վաղինակ Միքայելի Ազնավուրյան) ծննդյան 99 ամյակն է.

«ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ»

Քեզ համար նոր գարուն կգա
Եվ պայծառ կշողաս նորից
Ձմռան բոցից դու մահաբեր
Կհառնես ինչպես փյունիք կրկին,
Հայաստան:
Կըզնգա երգդ ամենուր
Կուռ կամքով վեր կսլանա
Աստված պահի քո հողը սուրբ
Ապրիր հավերժ ու երջանիկ
Իմ սեր Հայաստան:
Աշխարհը վշտապես
Ողբում է քեզ հետ
Եվ ձեռքն է մեկնում իր նորովի անկեղծ
եղբայրության որ դու ապրես:
Ողջ աշխարհն է սատար դարձել
Որ կանգուն ու անհաղթ մնաս
Տանջվել ես միշտ դու նահատակ,
Մոռացված իմ ժողովուրդ ապրի՛ր Հայաստան:
Կբուժվեն քո վերքերը խոր
Թե նույնիսկ դու միշտ անիծես
Քո բախտը չար ուղին արնոտ
Թող կանաչի ճամփադ լուսե
Իմ սեր Հայաստան:
Ոսկե արևը թող ժպտա
Քո սուրբ հողին Հար ցնծա՛ իմ
Հայաստան աշխարհ
Արցունքը քո շրթին
Թող հույսը քեզ օգնի
Գոտևորվիր իմ ժողովուրդ:
Թող հավատը քեզ չլքի
Փորձության քո ճանապարհին
Թաղծոտ ու սև քո աչքերում
Թող անմար ժպիտ շողա կրկին
Հայաստան:
Քո փառքին ինքդ տիրանաս
Ձայնդ զիլ աշխարհում թնդա
Աստված պահի քո հողը սուրբ
Ապրիր հավերժ ու երջանիկ
Իմ փառք,իմ գարուն, իմ արև
Հայաստան:

Շառլ Ազնավուր🫶

Կրկնողական առաջադրանքներ:

Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Երբեմն…(ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք… (ջրեր)՝…(ալիք) կապտականաչավուն…(լուսարձակում)…(տեսք): Ծովային…(լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես…(բույսեր), այնպես էլ…(կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք…(արև) էներգիան լուսային…(էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ…(ռեակցիա)… (հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում… (ջերմություն)…(արտադրություն):

Տեքստում ավելացրու՛ տրված ածականները :

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Մա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

Սխալները գտի՛ր և ճշտի՛ր:

ա) Օրվա մեջ քսան սիգարետներ  ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր

տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:

Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջեր ունեցող մի գիրք հրատարակելու համար:

բ) Մի անգամ տասնվեց տղա բաժանվեցին երկու խմբի:

Իրար ետևից յութանասունհինգ բառեր թելադրվեց:

Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատությունն էլ հաջող են անցել:

Հիսուն  չորս հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին էր:

Հավաքվածներից ամեն մեկը երեքական լեզու գիտեր:

Ջութակահարներից ամեն մեկը հինգական մեղեդի նվագեց:

Սենյակներում սեղանները շարված էին երեքական-երեքական:

Posted in Uncategorized

Բնագիտության ամփոփիչ գրավոր

1.Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:

Քացախաթթու, խնջորաթթու, կիտրոնաթթու կաթնաթթու:

2.Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:

Ջրածին (H), HCI, CL, H2SO4, SO4, HNO3, NO3 և այլն:

3.Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական

4.Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել: Հայտնի է, որ ցանկացած ջերմաստիճանում նյութը կազմված է միատեսակ մոլեկուլներից, որոնք կատարում են անկանոն շարժում:

5.Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Հաստատուն մագնիս կոչվում են այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները

6.Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Բևեռ անվանում են մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն ավելի ուժեղ է:

7.Ի՞նչ է կողմնացույցըև ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Կողմնացույցը սարք է, որը ցույց է տալիս բևեռները: Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է և ունի բևեռներ (հարավային և հյուսիսային):

8.Ի՞նչ է բջիջը։

Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:

9.Որո՞նք են արմատի գործառույթները:

Սննդառությունը, սնջառություննը, աճն ու զարգացումը, ինջպես նաև անհրաժեշտ նյութերի տեղափոխությունը։

10.Ի՞նչ է շնչառությունը:

Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն։

11.Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք:

Ջրային կենդանիների մեծ մասը շնչում է խռիկներով:
Ցամաքային միջատները շնչում են օդատար խողովակներով։
Ցամաքային ողնաշարավորները շնչում են թոքերով։
Երկկենցաղները շնչում են մաշկով և թոքերով, իսկ սողունները՝ միայն թոքերով ։
Շնչառական համակարգի օրգաններից է կոկորդը։

12.Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:

Ջրային, օդացամաքային և հողային կենսամիջավայրեր։

13.Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:

Կենսամիջավայրի տարացքը, որտեղ բնակվում է կենդանի օրգանիզմ։

Posted in Uncategorized

Բնագիտություն

Օրգանիզմ և միջավայր

Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը.

Կենդանի օրգանիզմները բնակվում են մեզ շրջապատող բնության որոշակի միջավայրերում: Բնակության համար պիտանի միջավայրեր են ծառայում ջուրը, օդը, ցամաքը, հողը, այլ կենդանի օրգանիզմները:Ջրային միջավայր: Ջրում հարմարավետ ապրում են ջրիմուռները և որոշ բարձրակարգ բույսեր։ Ջրում բույսերը կարող են աճել միայն այն խորությունների վրա, որտեղ լույս է թափանցում: Այդ խորություններում հնարավոր է ֆոտոսինթեզել: Ջրային կենսակերպին առավել լավ հարմարված են կենդանիները, որոնք մեծ քանակներով բնակվում են ծովերում, գետերում և լճերում:
Օրինակ
Ձկները, կետերը, խեցգետինները և այլ օրգանիզմներ։
Օդացամաքային միջավայր: Այս միջավայրում առատ են օդն ու  լույսը, սակայն հաճախ են տատանվում ջերմաստիճանն ու խոնավությունը։ Հետաքրքիր դեր ունի քամին։ Այստեղ են ապրում համարյա բոլոր բարձրակարգ բույսերը։ Կենդանիներից այս միջավայրում ապրում են միջատները, սողունները, թռչունները, կաթնասունները և այլ օրգանիզմներ։

Հողային միջավայր: Հողը երկրագնդի մակերեսի վերին շերտն է, որից կախված է բույսերի և բազմաթիվ այլ կենդանի օրգանիզմների կյանքը։ Օրգանիզմների մնացորդները աստիճանաբար փտում են և առաջացնում հումուս։

Հումուսը օրգանիզմների քայքայված մնացորդների ամբողջություն է, որը բերրիացնում է հողը: 

Հողում ապրում են պարզ ջրիմուռներ, բույսերի արմատներ, սերմեր, սպորներ: Հողը հարուստ է բակտերիաներով: Հողի մեկ խորանարդ սանտիմետրում առկա է մի քանի միլիոն միկրոօրգանիզմ։ Հողում բնակվում են նաև կենդանիների ներկայացուցիչներ:
Օրինակ
Անձրևորդեր, մրջյուններ, այլ միջատներ և դրանց թրթուրներ։
Օրգանիզմային միջավայր: Այն օրգանիզմն է, որը տեր է հանդիսանում մակաբույծ բույսի կամ կենդանու համար:
Օրինակ
Գայլուկը, մակաբույծ հիվանդածին մանրէներն ու նախակենդանիները, սնկերն ու որդերը:
Կենդանի օրգանիզմների կյանքը բնության մեջ պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով։
Այդ պատճառով էլ օրգանիզմների և նրանց շրջակա միջավայրի միջև առաջանում են բազմազան փոխադարձ կապեր և ներգործություններ: Կենդանի օրգանիզմը փոխհարաբերությունների մեջ է մտնում շրջակա բնության հետ: Արդյունքում օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև ստեղծվում է հարաբերությունների կայուն համակարգ:Կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի, ինչպես նաև տարբեր օրգանիզմների փոխհարաբերությունների մասին գիտությունը կոչվում է էկոլոգիա (հունարեն՝ «օյկոս» — տուն, «լոգոս» — գիտություն բառերից):Ինչպես տեսանք, էկոլոգիան գիտություն է օրգանիզմի և նրա միջավայրի միջև եղած բազմազան ու հետաքրքիր կապերի մասին:Ցանկացած կենսամիջավայրում կենդանի օրգանիզմները գրավում են իրենց կյանքի համար նպաստավոր վայրեր։ Օրինակ, որոշ ձկներ հանդիպում են միայն գետերի և լճերի մաքուր ջրերում։ Շնաձկներն ապրում են ծովերի խորքում, տափակաձկները` միայն ծովի հատակին։ Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։Կենդանի օրգանիզմների և նրանց բնակեցման վայրերի ամբողջությունը կազմում է էկոլոգիական համակարգ:Էկոլոգիական համակարգ հասկացությունն առաջարկել է անգլիացի բուսաբան Արթուր Թենսլին 20-րդ դարում:Բակտերիան անձրևաջրի կաթիլում, փտող ծառն՝ իր վրա բնակվող մանր կենդանի օրգանիզմներով, լիճը՝ իր բույսերով, ձկներով և այլ օրգանիզմներով էկոլոգիական համակարգերի օրինակներ են:
Երկրագնդի ամենամեծ էկոլոգիական համակարգը կենսոլորտն է:

Շրջակա միջավայրի գործոնները.

Շրջակա միջավայրի գործոնները

Օրգանիզմների գոյությունը պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով։ Կենդանի օրգանիզմները կարող են ապրել այնտեղ, որտեղ կան կյանքի և կենսագործունեության համար բարենպաստ գործոններ։

Շրջակա միջավայրի գործոնները, որոնցից կախված է կենդանի օրգանիզմների կյանքը, կոչվում են միջավայրի գործոններ կամ էկոլոգիական գործոններ:

Տարբերում են էկոլոգիական գործոնների երեք խումբ՝

1. անկենդան գործոններ

2. կենսական գործոններ

3. մարդածին գործոններ

Բնության անկենդան գործոններ: Դրանցից են` լույսը, ջերմաստիճանը, ջուրը կամ խոնավությունը, քամին, հողի աղային կազմը և այլն:Դիտարկենք դրանցից կարևորագույների դերն ու նշանակությունը օրգանիզմների կյանքում:
1. Լույս: Արեգակի լույսը երկրագնդի վրա էներգիայի առաջնային և անսպառ աղբյուր է: Այն կյանքի գոյության գլխավոր պայմաններից է: Լույսի ազդեցությամբ կատարվում է ֆոտոսինթեզ:
Արդյունքում`
· լույսի էներգիան կուտակվում է քիմիական նյութերում,
· անօրգանական նյութերից առաջանում են օրգանական նյութեր,
· անջատվում է թթվածին:
Լույսը օրգանիզմների հիմնական ազդանշանն է: Ցերեկվա տևողությունից է կախված կենդանիների վարքը և բույսերում ընթացող փոփոխությունները.
· բույսերի ծաղկումը, պտուղների ու սերմերի հասունացումը,
. չվող թռչունների երամներ կազմելը,
· արջերի մոտ ճարպի կուտակումը և այլն:
2. Ջուր: Ջուրը և´բնակության վայր է, և´օրգանիզմների գոյությանն անհրաժեշտ նյութ: Ջրային միջավայրում են ընթանում հիմնական կենսական գործընթացները: Ջրի անբավարարությունը հանգեցնում է մահվան։Անապատային բույսերի արմատները ջուր են ներծծում մինչև 16 մ խորությունից: Կակտուսների փշերի ձևափոխված տերևները կրճատում են ջրի գոլորշացումը։ Շատ կրիաներ ամռանը ջրի քանակության պակասի պայմաններում քուն են մտնում։
3. Ջերմություն: Օրգանիզմների համար կարևոր գործոն է ջերմությունը: Նրանք հարմարված են ջերմաստիճանային որոշակի տիրույթում գոյատևելուն:Ջերմաստիճանի փոփոխություններն առավելապես ազդում են սառնարյուն կենդանիների վրա.
Օրինակ
Սողունները ցածր ջերմաստիճանում դառնում են սակավաշարժ, իսկ ձմռանը քուն են մտնում։
Տաքարյունները ևս հարմարվում են ցածր ջերմաստիճանին.
Օրինակ
Հյուսիսում ձմեռող թռչունները պատսպարվում են փետուրների հաստ շերտով, կաթնասունները` մազածածկով և ճարպային շերտով։
Բնության կենսական գործոններ: Կենդանի օրգանիզմները միմյանցից մեկուսացած չեն, այլ հակառակը, ապրում են միմյանց հետ ակտիվ ներգործությունների պայմանում: Այդ ներգործությունները կենդանի օրգանիզմների փոխադարձ կապերն են:
Օրինակ` կենդանիները սնվում են բույսերի սինթեզած օրգանական նյութերով, իսկ բույսերը չեն գոյատևի առանց փոշոտող միջատների:
Տարբերակում ենք բնության հետևյալ կենդանի գործոնները`
Միակողմանի օգտակար կապ — փոխհարաբերություն է, երբ մի օրգանիզմը ստանում է օգուտ, իսկ մյուսը` մնում անվնաս: Փոքր ձկները կպչում են մեծ ձկներին և տեղափոխվում մեծ տարածություններ:
Փոխադարձ օգտակար կապ — օրինակ մրջյունների և լվիճների փոխհարաբերությունը: Լվիճների արտազատած քաղցր հյութով սնվելու համար մրջյունները պահպանում և տարածում են նրանց:
Գիշատչություն — /գիշատիչ – զոհ/ փոխհարաբերությունների կապն է: Օրինակ` զատկաբզեզը սնվում է լվիճներով, բազեն` մկներով և այլն: Դրանով կարգավորվում է բուսակեր օրգանիզմների թվաքանակը:
Մակաբուծություն — այն կապն է, երբ մի օրգանիզմն ապրում է այլ օրգանիզմի հաշվին: Օրինակ` մարդու աղիներում ապրող մակաբույծ որդերը:
Մարդածին գործոններ: Մարդու ակտիվ գործունեության շնորհիվ բնությունը փոփոխվում է: Արդյունքում փոխվում են օրգանիզմների բնակեցման վայրերը: Շրջակա միջավայրում օդի, ջրի և հողի աղտոտումը ազդում է կենդանի օրգանիզմների կենսագործունեության, բազմացման և բնության մեջ տարածման վրա:
Էկոլոգիական համակարգերում փոխադարձ կապի դրսևորում է օրգանիզմների սնուցումը մեկը մյուսով:
Ինչպես հիշում եք, բուսակեր օրգանիզմները սնվում են ավտոտրոֆ բույսերով: Իրենց հերթին, բուսակերները սնունդ են հանդիսանում կենդանակերների և ամենակերների համար: Կենդանակերներն էլ, իրենց հերթին, կարող են սնունդ դառնալ այլ գիշատիչների և ամենակերների համար:
Սննդառության աստիճանակարգային փոխառնչությունը օրգանիզմների միջև կոչվում է սննդային շղթա:
Սննդային շղթայում սննդանյութերի հետ միասին մեկ օրգանիզմից մյուսին է անցնում նաև էներգիան, որն անհրաժեշտ է կենսագործունեության պահպանման համար:
Սննդային շղթայի օրինակներ են`
1Կարճ սննդային շղթա. խոտաբույս — մուկ — աղվես:
2Երկար սննդային շղթա. խոտաբույս — ծղրիդ — մողես — արծիվ:
Բնական համակեցությունները և դրանց պահպնումը

Ինչպես արդեն նկատեցինք, բնության մեջ կենդանի օրգանիզմները գոյություն ունեն միմյանց հետ սերտ կապերի մեջ: Գոյության նույն բնակավայրում ապրող օրգանիզմները ստեղծում են կայուն խմբավորումներ, որոնք կոչվում են համակեցություններ:
Համակեցությունները լինում են.

Բնական — բնության կողմից հավասարակշռված համակեցություններ:
Արհեստական — մարդու կողմից կառավարվող համակեցություններ` այգի, դաշտ, ֆերմա, ջերմոց, ձկնաբուծարան և այլն:

Պատասխանել հարցերին

  1. Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:
  2. Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:
  3. Ի՞նչ խմբերի են բաժանվում էկոլոգիական գործոնները:
  4. Էկոլոգիական ի՞նչ գործոններ գիտեք:
  5. Ի՞նչ նշանակություն ունի լույսը կենդանի օրգանիզմների համար:
  6. Ի՞նչ կլինի, եթե գիշատչ կենդանիները վերանան Երկրի երեսից:
  7. Ինչու՞ ցամաքւմ ապրող կենդանիները չեն կարող ապրել ջրում:
  8. Ի՞նչ բնական համակեցություններ գիտեք:
  9. Թվե՛ք էկոհամակարգի երեք հիմնակա բաղադրիչները
Posted in Uncategorized

Բնագիտություն

Բազմացում:Անսեռ բազմացում:Սեռական բազմացում:

Կենդանի օրգանիզմների կարևորագույն հատկանիշներից է բազմացումը:

Բազմացման շնորհիվ օրգանիզմը ստեղծում է իր նմանին: Բազմացման արդյունքում ավելանում է օրգանիզմների թվաքանակը: Սակայն ավելի կարևոր է այն, որ բազմացման արդյունքում տվյալ օրգանիզմի հիմնական հատկանիշները մշտապես պահպանվում են, քանի որ միշտ փոխանցվում են սերնդեսերունդ:
Օրգանիզմի կայուն հատկանիշների ամբողջությունը կոչվում է ժառանգական տեղեկատվություն:
Օրգանիզմների թվաքանակի ավելացումը, որի ընթացքում կատարվում է ժառանգական տեղեկատվության փոխանցում սերնդեսերունդ կոչվում է բազմացում:
Բնության մեջ հանդիպում է բազմաբջիջ օրգանիզմների բազմացման երկու եղանակ՝
1. Անսեռ բազմացում
2. Սեռական բազմացում
Անսեռ բազմացում: Ինչպես արդեն գիտենք, բույսն իր վեգետատիվ օրգանների միջոցով, օրինակ` տերևներով, ցողունների կամ արմատների կտրոններով կարող է բազմանալ: Այս դեպքում որոշակի պայմանների առկայությամբ բույսի որևէ վեգետատիվ հատվածից սկսում են աճել բույսի մնացյալ հյուսվածքներն ու օրգանները: Արդյունքում բույսը կրկնապատկվում է` հետևաբար, բազմանում է: Բազմացման այս ձևը կոչվում է անսեռ կամ վեգետատիվ: Բազմացման այս ձևի ժամանակ բազմացմանը մասնակցում է միայն մեկ օրգանիզմ:
Նոր բույսի զարգացումը բուսական վեգետատիվ օրգաններից կոչվում է վեգետատիվ բազմացում:Վեգետատիվ բազմացումը բնորոշ է ծաղկավոր բույսերի հիմնական մեծամասնությանը և որոշ կենդանիների` աղեխորշավոր հիդրային, տափակ որդերին:Մի շարք բույսերին բնորոշ է նաև սպորներով բազմացումը:
Սպորը վեգետատիվ բջիջ է, որը զարգանում է վեգետատիվ հատուկ օրգանում` սպորանգիումում: Հողի մեջ սպորը ծլում է և նրանից սկսում է աճել նոր և ամբողջական բույս:Սպորներով կարող են բազմանալ` մամուռները, պտերները, սնկերը, գետնամուշկերը:
Սեռական բազմացում: Դուք արդեն ծանոթացել եք բույսի գեներատիվ օրգաններին: Դրանք բույսի սեռական բազմացումը ապահովող և դրա արդյունքում առաջացող օրգաններն են:Բույսի սեռական օրգաններում` ծաղիկներում, ձևավորվում են հատուկ, մյուս բջիջներից տարբերվող բջիջներ: Դրանք սեռական բջիջներն են:
Օրգանիզմի սեռական օրգաններում առաջացող բջիջները կոչվում են սեռական բջիջներ կամ գամետներ:Սեռական բջիջները լինում են երկու տեսակի` արական և իգական: Սեռական բազմացման իրականացման համար անհրաժեշտ է արական և իգական սեռական բջիջների միաձուլում:Սեռական բջիջների միաձուլումը կոչվում է բեղմնավորում:Նոր օրգանիզմի առաջացումը բեղմնավորմամբ կոչվում է սեռական բազմացում:Եթե օրգանիզմն ունի և՛ արական, և՛ իգական սեռական բջիջներ, ապա նա կոչվում է հերմաֆրոդիտ (կաղնին, եգիպտացորենը, վարունգը, ձմերուկը):Եթե օրգանիզմն ունի կամ արական, կամ իգական սեռական բջիջներ, ապա նա բաժանասեռ է (բարդին ուռենին, չիչխանը, դափնին):

Կենդանիների գերակշռող մասը բազմանում է սեռական եղանակով:

Անսեռ բազմացման ժամանակ մի բույսից առաջանում է նոր բույսը, որն առանց բացառությունների նույնական է ծնողական ձևի հետ:Սեռական բազմացման ժամանակ նոր առաջացած կենդանին պահպանում է օրգանիզմի հիմնական հատկանիշները, բայց տարբերվում է նրանցից:Այդ պատճառով մենք նման ենք մեր ծնողներին, սակայն նրանց կրկնօրինակումը չենք:Կարելի է կռահել, որ ի տարբերություն անսեռ բազմացման, սեռական բազմացման արդյունքում մեծանում է օրգանիզմների բազմազանությունը: Չէ՞ որ մենք բոլորս ինքնատիպ ենք և տարբերվող:Սեռական բջիջների միաձուլումով առաջանում է նոր օրգանիզմի սաղմը: Այն գտնվում է բույսերի սերմում և դրա գլխավոր մասն է հանդիսանում: Սերմը և սաղմը հուսալիորեն պաշտպանված են` գտնվելով պտղի մեջ:Սերմը արտաքինից պատված է սերմնամաշկով, որը նրան պաշտպանում է անբարենպաստ ազդեցությունից: Կարելի է հեշտությամբ առանձնացնել լոբու սերմերի սերմնամաշկը:Սաղմը ապագա օրգանիզմն է կենդանի, բայց դեռևս չզարգացած վիճակում:Էնդոսպերմը գոյացություն է, որը պարունակում է հարուստ սննդանյութեր, որոնց հաշվին սերմի սաղմը ծլում է հողում: Շաքիլը սերմի ներքին տարածությունը լցնող միավոր է:Սերմի ծլման համար անհրաժեշտ է խոնավությունօդ, +15°C/+20°C ջերմաստիճան: Այդ պայմաններում հողում սերմնամաշկը պատռվում է, էնդոսպերմը սնուցում է սաղմի զարգացումը: Սաղմնային արմատիկից դեպի հողի խորքերը աճում է բույսի արմատը, իսկ սաղմնային ցողունիկից դեպի երկրի մակերևույթ` բույսի ցողունն ու ընձյուղները: Էնդոսպերմի սննդանյութերը բավարարում են մինչև բույսի ինքնուրույն սննդառությունը:

Posted in Uncategorized

Բնագիտություն

Սննդառություն և մարսողություն.Շնչառություն

Կենդանի օրգանիզմների բնութագրական հատկանիշներից է սննդառությունը:

Սննդառությունը կենդանի օրգանիզմի կողմից տարբեր նյութերի կլանումն է սեփական գոյությունն ապահովելու նպատակով:
Արտաքին միջավայրից կլանված մարմինները և նյութերը, որոնք պահպանում են օրգանիզմի կենսագործունեությունը համարվում են սնունդ:

Սնունդ կարող է ծառայել և՛ անօրգանական նյութը (ջուրը, ածխաթթու գազը), և՛ օրգանականը (շաքարը, ճարպը և այլն) և ամբողջական կենդանի օրգանիզմը:

Բոլոր կենդանի օրգանիզմներում սնունդը ենթարկվում է միատեսակ փոփոխությունների.

1. Սննդի ստեղծում կամ ընդունում և կլանում:

2. Սննդի քայքայում պարզագույն գործառնական միավորների:

3. Այնուհետև՝

ա) ստացված պարզագույն գործառնական միավորների քայքայում և էներգիայի ստացում:

Սննդից անջատված էներգիայի հաշվին օրգանիզմը պահպանում է իր կյանքը և ակտիվությունը: Օրգանիզմի ակտիվությունը կյանքին բնորոշ բոլոր հատկանիշների պահպանումը, դրսևորումը և անխափան գործարկումն է:
Այսինքն, երբ օրգանիզմը շարժվում է, գրգռվում է, աճում է, բազմանում է և այլն, միշտ օգտագործում է սննդային էներգիան:
բ) ստացված պարզագույն գործառնական միավորներից սեփական օրգանիզմին բնորոշ նյութերի կառուցում:
Այդ նյութերը ծառայում են որպես շինանյութ: Այդպիսով առաջանում են նոր բջիջներ, հյուսվածքներ և օրգանիզմն աճում է ու զարգանում:

4. Օրգանիզմը շարունակում է գոյատևել:

Ըստ սննդառության եղանակի կենդանի օրգանիզմները բաժանվում են երեք խմբի.

  • ավտոտրոֆներ— էներգիա են ստանում արևից:
  • հետերոտրոֆներ — էներգիա են ստանում օրգանական նյութերի քայքայումից:
  • միքսոտրոֆներ — էներգիա կարող են ստանալ և արևից և օրգանական նյութերից:

Ավտոտրոֆ սննդառության հիմնական ձևը ֆոտոսինթեզն է:
Բույսը արմատներով հողից կլանում է ջուր, իսկ տերևներով` օդից ածխաթթու գազ: Այդ անօրգանական նյութերից լույսի ազդեցությամբ, կանաչ քլորոֆիլի մասնակցությամբ բույսը պատրաստում է օրգանական նյութ` շաքար: Ֆոտոսինթեզի մնացորդ է թթվածինը, որը տերևներով հարստացնում է օդը:
Ավտոտրոֆ օրգանիզմը ֆոտոսինթեզի արդյունքում ջրից և ածխաթթու գազից սինթեզում է շաքար և անջատում թթվածին:

Ֆոտոսինթեզը բնորոշ է կանաչ օրգանիզմներին` բույսերին, կապտականաչ ջրիմուռներին և որոշ բակտերիաներին:
Հետերոտրոֆ սննդառության հիմնական ձևը պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է:
Հետերոտրոֆները օգտվում են ֆոտոսինթեզի պատրաստի արդյունքներից` թթվածնից և շաքարից ու դրա վերափոխումներից: Հետերոտրոֆ են բոլոր սնկերը և կենդանիները:
Միաբջիջ կենդանիներում կան որոշ բացառություններ: Երկարամտրակ էվգլենան ունի քլորոֆիլ և կարող է ինչպես ֆոտոսինթեզել, այնպես էլ սնվել հետերոտրոֆ կերպով:

Ըստ նախընտրած սննդի տեսակի՝ հետերոտրոֆները լինում են.

Բուսակեր — սնվում են բուսական ծագում ունեցող օրգանիզմներով կամ նրանց մասերով:

Օրինակ` թիթեռները, բադերը, նապաստակները, եղջերուները և այլն:

Կենդանակեր — սնվում են կենդանական ծագում ունեցող օրգանիզմներով: Նրանք որսորդներ են, իսկ սնունդ ծառայող զոհը` որս:

Օրինակ` առյուծը, գայլը, արծիվը, սարդը և այլն:

Ամենակեր — սնվում են և՛ բույսերով, և՛ կենդանիներով:

Օրինակ` մարդը, արջը, կետը:

Ըստ սննդի հայթհայթման ձևի՝ հետերոտրոֆները լինում են.

Սապրոֆիտներ — սնվում են մահացած կենդանի օրգանիզմների մնացորդներով, բույսերի պտուղներով, այլ պատրաստի օրգանական նյութերով:

Օրինակ` աղիքային ցուպիկը, պենիցիլինը, ճանճը, բորենին:

Գիշատիչներ — բոլոր այն կենդանի օրգանիզմներն են, որոնք որս են անում: Այսինքն բռնում են իրենց զոհին, սատկացնում, ապա սնվում դրանցով:

Օրինակ` սարդը, կոկորդիլոսը, վագրը, գայլը:

Որոշ բույսեր հանդիսանում են գիշատիչներ: Նրանք ունեն հատուկ «թակարդներ», որոնցով որսում են միջատների և սնվում նրանց օրգանական նյութերով: Դրանք միջատակեր բույսերն են:

Օրինակ` ռաֆլեզիան, վեներայի ճանճորսը, ցողիկը, ցնցղենին:

Մակաբույծներ — ապրում են որևէ կենդանի օրգանիզմի մեջ կամ օրգանիզմի վրա: Սնվում են նրա օրգանական նյութերով: Այդ օրգանիզմը մակաբույծի տերն է: Մակաբույծները թունավորում են տիրոջ օրգանիզմը: 

Օրինակ՝ լյարդի ծծանը, էխինոկոկը, եզան երիզորդը, տիզը:

Շնչառություն

Կենդանի օրգանիզմների կարևոր հատկանիշներից է նյութափոխանակությունը: Կենդանի օրգանիզմների նյութափոխանակության կարևոր դրսևորում է գազափոխանակությունը:
Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:
Կենդանի օրգանիզմների կայսրության զգալի մասը հարմարված է միայն գոյատևել թթվածնով հարուստ միջավայրում:
Թթվածինը մասնակցում է սննդի քայքայման և նրանից կենսական էներգիայի անջատման գործընթացին:
Գոյություն ունի շնչառության երկու բաղադրիչ` արտաքին և ներքին:
Ներքին շնչառությունը կոչվում է նաև բջջային:

Օրգանիզմի փոխադրական համակարգերի շնորհիվ յուրաքանչյուր բջիջ` մեկ առ մեկ ստանում է սննդանյութ և թթվածին: Բջիջը դրանցից ստանում է էներգիա և կենսագործում:
Բջջային շնչառության ձևերը, գրեթե անփոփոխ, բնորոշ են բոլոր տիպի կենդանի օրգանիզմներին:
Արտաքին շնչառությունը գազափոխությունն է օրգանիզմի և օդի միջև:
Արտաքին շնչառությամբ միմյանցից տարբերվում են՝ պարզագույն օրգանիզմները, բույսերը, կենդանիները:
Պարզագույն օրգանիզմները հիմնականում միաբջիջ օրգանիզմներն են կամ բազմաբջիջ ստորակարգ կենդանիները: Նրանք շնչում են օրգանիզմի ամբողջ մակերեսով:
Բույսերը շնչառության հատուկ մասնագիտացված օրգան համակարգ չունեն: Թթվածինը բջիջներին բաշխվում է միջբջջային տարածություններով: Բույսը տերևի ստորին մակերեսին ունի հատուկ բջիջներ, որոնք կոչվում են հերձանցքներ: Դրանք առաջանում են երկու կիսալուսնաձև բջջից, որոնք բացվում և փակվում են: Բացված վիճակում կատարվում է գազափոխանակություն բույսի և օդի միջև: Հերձանցքներով գոլորշանում է նաև ջուրը:
Բարձր կազմավորված կենդանիներն ունեն շնչառության մասնագիտացված օրգան համակարգ:
Ջրային կենդանիների շնչառության օրգանն է` խռիկները:
Ցամաքային կենդանիների շնչառության օրգանն է` թոքերը:
Միջատների շնչառության օրգանն է` շնչառական խողովակները՝ տրախեաները:
Կենդանիների շնչառության օրգան կարող է լինել նաև մաշկը: Գորտի գազափոխանակության գրեթե կեսն ապահովում է մաշկը:

Պատասխանել հարցերին

  1. Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:
  2. Ինչպե՞ս են սնվում բույսերը:
  3. Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ի՞նչու:
  4. Ի՞նչ է հետերոտրոֆ օրգանիզմներ գիտեք:Բերե՛ք օրինակներ:
  5. Ի՞նչ է շնչառությունը:
  6. Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք: