1.Դո՛ւրս գրիր հարաբերական դերանունները, բացատրի՛ր դրանց դերը նախադասության մեջ:
Ինչ աղբյուրից մարդ ջուր խմի, էն աղբյուրը քար չի գցի:
Ինչքան որ գիտուն լինես, չիմացածդ մի անգետից հարցրու:
Ով աշխատի, նա կուտի:
Որտեղ տանձ, պոչը հետն է:
Քանի լեզու գիտես, այդքան մարդ ես:
Ում բախտը ծռվեց, նրա ձին ախոռում էշ կդառնա:
2.Որոշի՛ր ընդգծված հարաբերական դերանունների հոլովն ու պաշտոնը:
Այն գեղեցկությունն է իսկապես անեղծ,
Որի սպիտակ ու կարմիր գույնը համադրված է
Բնության քնքուշ ու ճարտար ձեռքով:
Թող նա կորչի անպտուղ, ով տձև է ու կոպիտ,
Ում չի ընտրել բնությունը՝ իր սերունդը պահպանելու
Մեծությունը միշտ չարիք է դառնում,
Երբ բաժանվում է գութը նրանից:
Հիմարությունը հիմարների մոտ այնքան ցայտուն չէ,
Որքան խենթացած խելոքների մոտ:
Ով կամենում է հանգիստ ապրել, նա պետք է ապավինի սեփական ուժերին:
Ով որ քսակը գողանա, քիչ բան գողացած կլինի…
Բայց ով ինձնից անունս շորթի
Մի բան կշորթի, որ բնավ նրան չի հարստացնի,
Իսկ ինձ իսկապես կաղքատացնի:
Ուղղական — ով, որոնք
Սեռական — ում, որոնց
Տրական — ում, որոնց
Հայցական — ում, որոնց
Բացառական — ումից, որոնցից
Գործիական — ումով, որոնցով
Ներգոյական — ում մեջ, որոնց մեջ
3.Կազմի՛ր նախադասություններ՝ ինչպիսի, ուր, քանի, ով դերանունները գործածելով մեկ որպես հարցական, մեկ որպես հարաբերական դերանուն
ՈՐՈՇՅԱԼ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ
Որոշյալ դերանունները ցույց են տալիս առարկաների կամ անձերի, նրանց հատկանիշների հայտնի, որոշյալ ամբողջություն՝ միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած՝ առանց դրանք անվանելու:
Որոշյալ դերանուններն են` ամբողջ(ը), ամեն(ը), ամեն ինչ(ը), ամեն մի, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլոր(ը), յուրաքանչյուր(ը), յուրաքանչյուր ոք, ողջ(ը), համայն, ամենայն:
1. Որոշյալ դերանունները գոյականի փոխարեն գործածվելիս հոլովվում են` ենթարկվելով ի հոլովման: Օրինակ՝ բոլորի, բոլորին, բոլորից…, ամեն ինչի, ամեն ինչից, ամեն ինչով և այլն:
• Որոշյալ դերանունները նախադասության մեջ լինում են ենթակա, ստորոգյալ կազմող բառ, լրացում: Օրինակներ՝ Ողջը կդառնա կրակի բաժին,
Սեղան, մահճակալ, գորգ ու տեղաշոր (Ն. Զ.): Ողջը — ենթակա:
Քո խոսքը ինձ համար ամեն ինչ է: Ամեն ինչ — ստորոգյալ կազմող բառ:
Ծաղկի՛ր, հա՛մր հող հոգնած աշխարհի,
Շռայլ կանաչով ծածկիր ամեն ինչ (Մ. Մ.): Ամեն ինչ — ստորոգյալի լրացում:
2. Հարադրական կազմություն ունեցող որոշյալ դերանունների բաղադրիչները գրվում են անջատ: Դրանք են` ամեն ինչ(ը), ամեն մեկը, ամեն մի, յուրաքանչյուր ոք, ամեն ոք:
1. ա.Գտի´ր որոշյալ դերանունները, որոշի՛ր, թե նախադասության ինչ անդամ են դրանք:
բ.Դո՛ւրս գրիր ընդգծված գոյականները՝ նշելով դրանց ձևաբանական հատկանիշները:
Սոխակի քնքուշ հոգին բոլորը գիտեն, իսկ ամենքից շատ՝ Սիցիլիա կղզու բնակիչները, որովհետև ամեն գարնան համայն աշխարհից այստեղ լցվում են անհամար սոխակներ: Ու ամբողջ տարի լալագին ու թախծոտ երգում են այդ թռչունները (Վ. U):
Ձիավորներն սկզբում գնում էին լուռ. յուրաքանչյուրն իր մտքերի մեջ էր խորասուզված: Ողջ ճանապարհին նրանք լռելյայն ձիերն էին համեմատում իրար, ու ամեն ոք աշխատում էր չխախտել լռությունը (Ակ Բ.):
2.Դո՛ւրս գրիր դերանունները, որոշի՛ր դրանց տեսակը, հոլովն ու թիվը, պաշտոնը:
Նրան այնպես թվաց, թե ֆետրե գլխարկով մարդու սպիտակ թղթերը արտացոլում են ամեն ինչ, ինչպես աղբյուրի վճիտ ջուրը:
Նա ինքն էր իրեն կամավոր դուրս դրել այն ամենից, ինչին եռանդով ձգտում էին բոլորը:
Ամբողջ գիշեր այդ հարցը խռովել է հոգիս:
Ամեն տեսակ երգ երգեցի – ամենից լավ տաղն է էլի:
Ողջ գիշերը հովը պարեց, ա՜խ, այնքա՜ն, այնքա՜ն թեթև:
Ամեն հոգի մի վիշտ ունի, ամեն մի ցավ` ամոքում:
Մենք մեկտեղ անցանք ճանապարհն այն ողջ, Ուր մահն էր սուլում իր դաժան հիմնը:
Ուզում էի մոռանալ ամենքին, ամեն ինչ:
Երջանիկ կին, համ ինքն է ապրում իր ահագին ընտանիքով, համ էլ սենյակի վարձը տալիս ամենայն ճշտությամբ:
Յուրաքանչյուրս մեր բաժին կշտամբանքն ու ապտակներն ստացանք, բայց թե ինչի համար էինք թշնամացել, չասացինք:
3.Կազմի՛ր կամ գեղարվեստական գրականությունից դո՛ւրս գրիր նախադասություններ որոշյալ դերանունների տարբեր հոլովներով: