ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ազատամտություն — Հասարակական մտքի ուղղություն, որը մերժում է եկեղեցու կողմից կրոնական դոգմաների բանական մեկնաբանության վրա
դրված արգելքները։
Բնական իրավունք — Իրավունք, որը մարդուն տրված է ի ծնե, բնությունից։
Այն անկախ է ամեն տեսակի իշխանությունից, անփոփոխ է ու հաստատուն։
Դրանք են կյանքի, արժանապատվության, սեփականության, ընտանիք
կազմելու, անձի անձեռնմխելիության և այլ իրավունքներ։
Ռացիոնալիզմ — Փիլիսոփայական ուղղություն, ըստ որի՝ գործունեության և
աշխարհընկալման հիմքը բանականությունն է։
Սնահավատություն — Հավատ բնության ուժերով չբացատրվող երևույթների
հանդեպ (հայերեն սին՝ կեղծ բառից)։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Կլիմենտ XIV — Հռոմի պապ 1769-1774 թթ.։
Գրոտիուս — Հոլանդացի հումանիստ (1583-1645)։
Ջոն Լոկ — Անգլիացի հումանիստ (1632–1704)։
Լուսավորական շարժման նշանավոր գործիչներ՝
Ֆրանսիա — Ֆ. Վոլտեր, Դ. Դիդրո, Ժ. Ժ. Ռուսո, Շ. Մոնտեսքյո
Անգլիա և Շոտլանդիա — Ա. Շաֆտսբըրի, Դ. Հյում, Ա. Սմիթ
Իտալիա — Պ. Վերրի, Չ. Բեկկարիա
Գերմանիա — Յ. Հերդեր, Ի. Կանտ, Ֆ. Շիլլեր
Ի՞նչ է Լուսավորական շարժումը
XVII-XVIII դարերում եվրոպական երկրների առաջատար մտավորականությանը հուզում էին հասարակության քաղաքական և սոցիալական կարգի և մարդկանց իրավունքների հիմնախնդիրները: Նրանք գտնում էին, որ անձը և հասարակությունը ճանաչելու միակ միջոցը միտքն է։ Գիտության նվաճումները անհրաժեշտ է կիրառել ի շահ հասարակության զարգացման։ Այդ նպատակով պետք էր գիտելիքները ժողովրդականացնել։ Լուսավորական շարժման հիմքում ընկած էին ռացիոնալիզմը և ազատամտությունը։ Գրոտիուսը զարգացրեց դեռևս անտիկ ժամանակներում ստեղծված «Բնական իրավունքի տեսությունը»։ Նա արդարացի էր համարում այն հասարակությունը, որի օրենքները բխում են բնությունից, այսինքն՝ բնական են և մարդու կամքից անկախ: Ջոն Լոկը կարծում էր, որ հասարակության բնական վիճակը ժողովրդի ինքնիշխանությունն է, իսկ ազատությունը և սեփականության իրագործումը մարդկանց անօտարելի իրավունքներն են: Բնական իրավունքով զբաղվող առանձին մարդկանց գործունեությունը XVIII դ. դարձավ հզոր հասարակական շարժում: Հասարակության արդիականացման ուղիների որոնումները վերածվեցին սուր բանավեճերի, որոնց մասնակցում էին հազարավոր մարդիկ, նույնիսկ կանայք: Դրանք իմաստասերներ էին, գրողներ, արվեստագետներ, հրապարակախոսներ և հասարակական գործիչներ: Լուսավորականությունը դարձավ համաեվրոպական հոգևոր երևույթ, որտեղ գլխավոր դերը խաղում էր Ֆրանսիան: Այդ շարժումն այնքան մեծ ազդեցություն ունեցավ, որ XVIII դարն անվանեցին Լուսավորության դար: Նորովի իմաստավորվեցին գիտությունը, մշակույթը, քաղաքականությունը և տնտեսությունը: Լուսավորական շարժումը տարածվեց նաև Հյուսիսային Ամերիկայում և այլուր։ Ֆրանսիացի մեծ լուսավորիչ Դենի Դիդրոն (1713-1784) հրատարակեց «Հանրագիտարաններ» մեծ աշխատությունը (35 հատոր)։ Դրանցում ներկայացված էին մարդկության պատմության ընթացքում ստեղծված բոլոր գիտելիքները (ընդգրկում է շուրջ 70 հազար բառ)։ Նույնպիսի աշխատություններ ստեղծվեցին նաև Անգլիայում և Գերմանիայում։ Լուսավորիչները գտնում էին, որ քրիստոնեությունը սխալների աղբյուր է, որի պատճառով մարդկանց մեջ առաջանում է սնահավատություն։ Նրանց կարծիքով աստված գոյություն ունի, սակայն նա ընդամենը ստեղծել է աշխարհը, իսկ դրանից հետո այլևս չի միջամտել մարդկանց գործերին:
Լուսավորականների հիմնական գաղափարները
Հասարակության վերափոխման կամ նոր հասարակության ստեղծման վերաբերյալ լուսավորական գործիչների տեսակետները կարելի է ներկայացնել հետևյալ հիմնական գաղափարների տեսքով.
1. Ավատատիրական կարգի և նրա հասարակական կառույցների մերժում:
2. Մարդկային բանականությունը հասարակական երևույթների և զարգացման բացատրման գլխավոր միջոցն է: Շրջանառության մեջ դրվեց «բանական ազգ»
հասկացությունը: Ըստ դրա՝ լուսավորական գաղափարները պետք է ներթափանցեին հասարակության լայն շրջանակներ, այլ ոչ թե սահմանափակվեին առանձին անհատներով
3. Հասարակության առաջադիմության շարժիչ
ուժերն են գիտությունը, կրթությունը, կատարյալ օրենքները, գաղափարները, իսկ արգելակիչ ուժը՝ կաթոլիկ
եկեղեցին, կրոնական մոլեռանդությունը և տգիտությունը: Սակայն լուսավորականները խնդիր չէին դնում
վերացնելու կրոնը:
4. Մարդկանց և ազգերի բնական իրավունքների՝ կյանքի, ազատության և սեփականության ապահովում:
5. Իշխանության աղբյուրը ազգն է, պետությունը՝ հասարակական դաշինքը, օրենքները՝ ընդհանուրի կամքի դրսևորումը:
6. Սահմանադրական կարգի և քաղաքացիական հասարակության ստեղծում: Բռնապետության և միապետության ժխտում, հանրապետության կամ աահմանադրական միապետության հաստատում:
7. Պետական բարձրագույն իշխանության՝ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների տարանջատում և անկախացում:
8. Աշխատանքը ժողովուրդների և մարդկանց հարստության գլխավոր միջոցն է:
Լուսավորական շարժման հետևանքները
Լուսավորական շարժումը կարևորագույն նշանակություն ունեցավ Եվրոպայի և ԱՄՆ-ի հետագա պատմության վրա։ Դրա ազդեցությունը հատկապես մեծ էր Ամերիկայի անկախության պատերազմի և սահմանադրության, ինչպես նաև Ֆրանսիական մեծ հեղափոխության վրա։ Լուսավորական շարժումը ծանր հարված հասցրեց ազնվականության և հոգևորականության հեղինակությանը, նրանց ազդեցությանը հասարակության սոցիալական, մտավոր և մշակութային կյանքի վրա։ Եվրոպական առաջատար պետությունների խորհրդարանները օրենքներ մշակեցին ստրկության վերացման և մարդու իրավունքների ձևակերպման ուղղությամբ։
Հասարակական կարծիքի ճնշման տակ 1773 թ. Հռոմի պապ Կլիմենտ XIV-ի հրամանագրով ցրվեց ճիզվիտների միաբանությունը Եվրոպայում։ Նրանք վտարվեցին Ֆրանսիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից։ Մինչև լուսավորության դարաշրջանը Եվրոպայում գիտության լեզուն վաղուց մեռած լատիներենն էր։ Գիտական գիտելիքները լայն հասարակությանը հասանելի դարձնելու նպատակով սկսեցին գիտական աշխատություններ գրել ազգային լեզուներով։
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է լուսավորական շարժումը։
Լուսավորականությունը սոցիալական, գաղափարական շարժում է, որը պայքարում է ֆեոդալիզմի, կաթոլիկական եկեղեցու դեմ, բարձրացնում գիտության և գիտելիքի դերը հասարակության մեջ։
2. Ո՞վ է Ջոն Լոկը։ Ինչ տեսություն է նա զարգացրել:
Ջոն Լոկը Անգլիացի հումանիստ էր, նա կարծում էր, որ հասարակության բնական վիճակը ժողովրդի ինքնիշխանությունն է, իսկ ազատությունը և սեփականության իրագործումը մարդկանց անօտարելի իրավունքներն են: Ջոն Լոկը ուզում էր հասկացներ, որ մարդիկ ի ծնե ազատ և անկախ են։
3. Ովքե՞ր են լուսավորյալ միապետները։
