ԵՐՄԱԿ ՀԵՐ, ԳԱՐՈՒՆ ՍԵՐ
Ես ու դու սե՛ր ենք,
Մեկ սրտի տե՛ր ենք.
Նռան ճյուղերով բոցուն,
Սիրո տաղերով արբուն։
Տե՜ս, իմ հեր՝
Ճերմակ սեր,
Որ պաղել էր շատ ձմեռ,
Սրտիդ բաղում դալարեց։
Տե՜ս, քու սեր՝
Գարուն էր՝
Որ գոցեց իմ խոց ու վեր,
Սրտիս խաղում ծավալեց։
ԱՇՈՒՆ ԿՅԱՆՔ
Աչքի առաջ,
Հառաչ-հառաչ,
Խորհրդավոր տերևներ,
Բունեն ընկած կեղևներ,
Հողի վրա,
Դեղին հուսով
Կողի վրա։
Լուռ, անտերունչ,
Խուլ, անմռունչ՝
Չորով-փորով կեռ ծառեր,
Ծռով-փռով լեռ քարեր,
Եվ հենավոր՝
Սարի կողին,
Ե՛վ մենավոր։
ՄԵՆԱՎՈՐ
Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եւ ամեն մարդ՝
Գտավ մի վարդ
Սրտիկին զարդ,
Եւ մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։
ՃԱՆԱՊԱՐՀ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։
ԻՄ ԵՐԱԶՈՒՄ
Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։
ՔՈ ԵՐԱԶՈՒՄ
Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես որ ես ու դու
Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու…
Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։
Սարի շողեն, ամպի քողեն՝
Մենավորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝
Խորհրդավոր ձորեն քաղել ու բերել։
Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին՝
Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։
ՀՈՎ ՈՒ ԾՈՎ ՍԵՐ
Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։
Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. — Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։
Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արեւ-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։
Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։
ՍԵՐ ՈՒ ԲԵՐ
Գարուն սերն էր՝
Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝
Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։
Կյանքի եռն էր՝
Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝
Լուսին-լուսին հալ ու մաշ։
Աշուն-բերն էր՝
Պտղիկն էր հոգում ծառերով՝
Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։
Այն ձմեռն էր՝
Ձյունիկն իր գոգում սարերով՝
Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։
1․ Կարդա՛ բանաստեղծությունները և գրիր դրանց վերլուծությունները։
2․Կարդա՛ նաև Կոմիտասի նամակները և փորձիր քո անունից մի նամակ գրել Կոմիտասին։














