Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

Որոտնավանք

Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ Որոտնավանքի հնագույն՝ Ս.Գրիգոր միանավ եկեղեցին (ավերվել է սելջուկների հարձակումներից ու երկրաշարժերից) հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, վերակառուցել՝ հայր Ստեփանոս ճգնավորը։ Եկեղեցին միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի։

Ս. Գրիգոր եկեղեցու մոտ՝ նրա հյուսիսարևելյան կողմում, 1000 թվականին կառուցվել է թաղածածկ, հյուսիսային պատին կից երկու ավանդատնով, հարավից սյունասրահով Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, նրա գավիթը, տնտեսական շինությունները, հիմնվել է մեծաթիվ միաբանությամբ վանք։ Շահանդուխտի կրտսեր որդի, Սյունյաց Վասակ թագավորի եղբայր իշխան Սևադան Որոտնավանքի արևելյան կողմում 1006 թվականին կառուցել է Ս. Կարապետ եկեղեցին և նրան կից /արևմուտքից/ կամարակապ գավիթ-սրահը։

Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

Տաթևի վանք

Տաթևի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։
Ըստ Ստեփանոս Օրբելյանի, ով հեղինակել է «Սիսական նահանգի պատմություն» աշխատությունը, Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունեցել անշուք տեսք, սակավաթիվ ճգնավոր միաբաններ։ 8-րդ դարի վերջին եղել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Այստեղ են բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթե հսկա (մարդաչափ) «Բաբկենյան խաչը» (պատրաստել էր Բաբիկ իշխանի որդի Վասակը), Բյուզանդիայից՝ «Աստվածամուխ սուրբ Նշանը», սուրբ Հովհաննեսի, սուրբ Ստեփանոս Նախավկայի, տասնմեկ առաքյալների, սուրբ Գրիգոր Ա Լուսավորչի, սուրբ Հռիփսիմեի մասունքները, Աստվածածնի մազերը։

Կալվածքներ գնելու և նվիրատվությունների շնորհիվ վանքը դարձել է խոշոր ավատատեր։ 848 թվականին իշխան Փիլիպե Սյունին կառուցել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Սյունյաց գահերեց իշխան Աշոտ Սյունու պատվերով Հովհաննես եպիսկոպոսը ձեռնարկել է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկի՝ սուրբ Պողոս-Պետրոս տաճարի կառուցումը, ինչին օժանդակել է Շուշանիկ տիկինը։ Տաճարի հիմքը դրվել է 895 թվականին, շինարարությունն ավարտվել 906 թվականին։ Օծմանը ներկա են եղել Սմբատ Ա թագավորը, Վասպուրականի Գագիկ Արծրունի իշխանը, կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցին, Աղվանից Սիմոն Բ կաթողիկոսը, հոգևոր ու ազնվական դասի ներկայացուցիչներ։ Բացվում է Տաթևի մատենադարանը։