Ծնվել է Սեբաստիայի Խորոխոն գյուղում, 1874 թվականին։ Դեռ պատանի Մուրադն անգերազանցելի ըմբիշ էր, հեծյալ ու որսորդ։ 16 տարեկան էր, երբ Սեբաստիա գնալու ճանապարհին նրա վրա հարձակվել են մի քանի թուրքեր։ Մուրադն սպանել է նրանցից մեկին, իսկ մյուսները փախել են։ Պատանին ստիպված լքել է գյուղը, որպեսզի չընկնի բանտ, և սկսել է տարբեր աշխատանքներ կատարել Պոլսում։ Այստեղ մտել է հնչակյան կուսակցության շարքերում։ Թուրքերի հետապնդումից խուսափելու համար, հայոց պատրիարքի միջնորդությամբ մեկնել է Եգիպտոս, այնտեղից՝ Աթենք, հետո՝ Թիֆլիս։ Բայց Երկիր գնալու միտքը հանգիստ չի տալիս նրան։ Թիֆլիսում մտել է Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերում։
1903 թ. հավաքվում է «Մրրիկ» խումբը, որը պետք է զենք տեղափոխեր Սասուն։ Մուրադը մտնում է այդ խմբի մեջ։ Լավ զինված 23 ֆիդայիներ գիշերով անցնում են թուրքական սահմանը և ուղղություն վերցնում դեպի Սասնո լեռները։ Նոյեմբերին հասնելով Գելիգուզան՝ նրանք խոնարհվում են Աղբյուր Սերոբի շիրիմին ու գնում հանդիպելու Անդրանիկին։
Ինքնապաշտպանական կռիվներում հերոսական էջեր գրել են Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Մշեցի Սմբատը, Հրայր Դժոխքը, Կայծակ Առաքելը, Սեբաստացի Մուրադն ու շատ ուրիշներ։ Գելիգուզանի մոտերքում նրանք ցիրուցան են արել հակառակորդին, բայց սպանվում է Հրայրը։
Մուրադն անվանի մյուս ֆիդայիների հետ անցել է պարսկական սահմանը՝ դեպի Կովկաս։ Մինչ այդ, հավատարիմ մնալով ավանդույթին, նա մյուս ազատամարտիկների օրինակով սբ. Թադեի վանքի պատերին թողնել է իր արձանագրությունը. «Անցանք մենք ընդ հուր եւ ընդ ջուր, իսկ ես կ’ըսեմ նաեւ ընդ արիւն եւ նորէն կ’երթանք դէպի հուր եւ արիւն…»։